Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/168

Այս էջը հաստատված է

Նեղը, Լաստի խութի կարանը... Բնական այդ մեծ քարայրում, որից սև ջուր է դուրս հոսում, իբրև թե ապրում է օձերի թագավորը, գոհարապատ թագը գլխին։ Անա զիզին ձեռքերը ծնկներին է խփում և աղաչում, որ Նեղում չլողանանք, ոչ էլ կարանի մոտ, այլ բաց տեղերը, ուր գետը փռվում է և հանդարտ հոսում ավազուտի վրայով։

− Հա՛ զիզի, հա՛... Մոտիկ տեղ ենք գնում։

Եվ Անդոն, ծաղկատար երեսով իմ ընկերը, նայում է ինձ, շարժում հաստ ու կարմիր շրթունքները, ձեռքով նշան անում դեպի ներքև, դեպի գետի արմունկը, փրփուր ջրվեժների մոտ։

Կուրծքը սպիտակ ջրածտերը թռչում են քարից-քար, պոչը երերում, ծվծվում ու գնդակի պես իրենց նետում ջրի երեսին պտույտ անող մժեղների երամը։ Մեզ հաճելի է դիտել, թե ինչպես նրանք թռչում են փրփուրի վրայով, կորչում ջրվեժի փոշու մեջ, նստում ցից քարերի ծայրին և անվախ ծվծվում, այնինչ շուրջը գետը կատաղությամբ կրծում է քարերը։

− Անդո, ա՜յ էն մեկին կարա՞ս խփես...

Անդոն կուզեկուզ մոտենում է, քարը բռան մեջ։ Քարի հետ ջրածիտը թռչում է և կորչում փրփուրի մեջ։

− Թե իմացար նրանք որտեղ են քնում...

− Նրանք չեն քնում։

Իսկ Անդոն օրորում է գլուխը։

− Նրանք ջրի վրա ճոճ են շինում, մեջը քնում... Թե զիզին թողար մթնով գայի, բոլորին կբռնեի...

− Բա լիսե՞մնը։

− Լիսեմնը էստեղ չի գա։ Նրա տեղը վերի ձորն է։

Ժայռերի ստվերոտ կողերը պատած են մամուռով։ Ջրի ցնցուղները թռչում են վերև, հասնում նրանց։ Ու երբ ժայռի տակով անցնում ենք, մամուռի ջուրն արճճի ծանրությամբ կաթում է մեր բաց գլխին։

− Էն ի՞նչ էր ֆշշաց...

− Սո՜ւս, օձ կլինի... Էստեղ օձի բներ են։ Որտեղ քեղ կա, էնտեղ էլ օձը։

Ու սարսափով, վախից զգույշ կոխելով, ցատկում ենք քարից քար, ընկնում գետափի բանուկ ճանապարհը։

− Անդո՛, քեղն ո՞վ է տնկում։

− Օձը,− լրջությամբ և մեծի շեշտով պատասխանում է ընկերս։ Եվ համոզում, որ օձը հողի մեջ թաղում է քեղի սերմը, ինչպես զիզին կոտեմը, ու հետո ծլում և մեծանում է լայնեզր, ճեղքված տերևներով