Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/170

Այս էջը հաստատված է

− Դու առաջ անցի։ Որ հարցնի, ասա Մեծ ապոր բաղում թութ էինք ուտում։

Իսկ Անա զիզին երեկոյան դեմ մեր բակն էր գալիս ու մորս հանդիմանում.

− Ո՞ւր է էն փուչը․․․ Ձեռս ընկնի, ականջը հլորեմ։ Հալավը քար ու քոլի են գցել, ճղոտել։

− Մեր անիրավն էլ գոտին է կորցրել,– պատասխանում է մայրս։

Երկուսով անիծում էին մեզ, պատմում մեր չարաճճի արարքները, թե առավոտից մինչև իրիկուն անհաց կորչում ենք այգիներում, «վաթսուն անգամ մտնում ջուրը դուրս գալիս» և կապտած վերադառնում։ Նրանք գանգատվում էին մեզանից, իսկ Անդոն գլուխը պատից վեր էր հանում և աչքով անում։

− Աղջի, ծեծած աղ չունե՞ս, մի բուռը տաս,– վերջացնում էր Անա զիզին:

Նրանք տուն էին մտնում, իսկ մենք ծլկվում էինք դեպի ձիթհանքը, մեր խաղերի իրիկվա տեղը։

* * *

Նստել եմ ծիրանի ծառի տակ, տաքանում եմ ինչպես քարը, ձյունից մրսած գետինը, ծառերը, որ դեռ մերկ են և արդեն թխանում են արևի ջերմաթյունից։

Մերկ ծառերի արանքից երևում է քաղաքը, գունավոր տները։ Ծխի ու փոշու կապտագույն շղարշ է փռված քաղաքի վրա։ Ավելի հստակ են երևում մոտակա կավե տները, այգիների մեջ ընկած ամայի հնձանները։

Քամին խշշացնում է չոր տերևները, որոնք թռչում են քարերի վրայով, իրար հրում, փաթաթվում ոտքերիս և քչփչում, ինչպես առվակը, գարո՜ւն է, գարո՜ւն է...

Քաղաքի կողմից քամին ձայներ է բերում։ Լսելի է, թե ինչպես մեխում են տախտակը։ Թա՛խկ, թա՛խկ, հնչում է թիթեղագործի փայտե մուրճի խուլ ձայնը։ Մի շուն կաղկանձում է։ Բլուրի վրայից ես տեսնոմ եմ կաղկանձող շանը, որ ոտը քարշ տալով դուրս է թռչում մի փոքրիկ հյուղակից։ Նրա հետևից դուրս է գալիս մի կին, որ ինչ-որ բան է շպրտում շան կողմը։ Մի՞թե այդ հողաթումբը տնակ է և մարդիկ են ապրում այնտեղ։ Նույնիսկ դուռ ունի, որովհետև կինը դուռը վրա է դնում և մի բան շալակած իջնում գետի կողմը։ Այնտեղ երկու կին լվացք են