Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/18

Այս էջը հաստատված է

համապատկերի մեջ, միաժամանակ այն պատումն է, որ Բակունցը մարմին է տվել իր էության երկու գլխավոր հոսանքներին՝ քնարական ու հեգնական գծերին։

Արդեն գրվածքի նախաբանային պարբերության մեջ Բակունցը իրարից սահմանազատում է «ազգի» երկու հոսանքները. «Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,—տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար...»։

Կյորեսը և Գորիսը աշխարհագրական հասկացություններ լինելուց առաջ ըմբռնումներ են, որոնք ներկայացնում են սոցիալական առանձին հոսանքների բովանդակությունը։ Մինչ «Կյորեսը» ամփոփում է ժողովրդական աշխարհը՝ կենցաղի գեղեցկություններով, ինքնատիպ և բնական ապրելակերպով, բանաստեղծական կողմերով, ազգության զարգացմանը խթանող սկզբունքներով, «Գորիսը» ներկայացնում է ամեն ինչ համահարթող «քաղաքակրթությունը»՝ կենցաղի գորշությամբ, բարքերի ապականությամբ, բանաստեղծական փայլից զրկված ապրելակերպով։ Զանգեզուրյան կենցաղի «երգիծական հովվերգությունը» Բակունցը մեկնաբանում է իբրև պատմական ժամանակաշրջանի անցման դարձակետին, սահմանագծին հատուկ պայթուցիկ ողբերգություն, որը տոհմական կյորեսեցուն՝ որսորդ Ծմակի Խաչուն ոտքի է հանում Գորիսի դեմ՝ «Քանդվե՛ս դու, Գորիս» էպիկական թափի անեծքով։

Պատմելով նահապետական աշխարհի բարոյական արժեքների կորստյան մասին, Բակունցը, իբրև սոցիալական առաջադիմության գեղագետ, չի դառնում նահանջող աշխարհի ողբասացը, այլ ասպարեզ է տալիս հոգևոր այն արժեքներին, որոնք կոչված են կառուցողական դեր խաղալու քաղաքակրթության ապագա ուղիներում։

Այդ արժեքներից առաջին, վճռական տեղում է հայոց ժողովրդական լեզուն, որի բանաստեղծական ներշնչանքը («ի՜նչ չքնաղ լեզու էր կյորեսերենը... Չուտեիր ու չխմեիր, այլ միայն այս լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում...») միանգամայն նպատակասլաց է հնչում բակունցյան ժամանակագրության էջերում։

Ժողովրդական լեզվի փառաբանության հատվածը «Կյորեսի» առանցքներից մեկն է, իսկ պատումի մեջ կան մի քանի այդպիսի առանցքներ, այսպես ասած՝ «երգ-երազի» կառուցվածքներ, որոնք իբրև գործողության ծրագիր հակադրվում են «օտարականների» վարքագծին։