Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/183

Այս էջը հաստատված է

ծածկում էր ձորը լուսնի սպիտակ մանգաղից։ Կառքը գլորվում էր ցած, թվում էր, թե անդունդն ենք իջնում, անհատակ անդունդը։

Այսպես անդունդում սուզվում էր մեր Գյունեյ թաղը, երբ իջնում էր խավարը, քաղաքը ողողվում էր առատ լույսով, իսկ գյուղում հանգչում էր վերջին կավե ճրագը։

Քարափի գլխից Անդոն նայում էր գյուղի կողմը և դառնացած ասում, որ պղնձե լարերը չեն անցնում գետի մյուս ափը, քարերի մեջ կորած մեր խավար գյուղը։

* * *

Իբրև վաղեմի պատմագիր, դողացող ձեռքերով ես գրում եմ իմ պատմության վերջին էջերը։ Հարկավոր է պատրույգը բարձրացնել և մինչև ձեթը հատնի, ավարտել անկրկնելի օրերի պատմությունը։

Հիմա էլ մնում է մեր քարափը, իբրև հսկայի մատ՝ Ցից քարը մեր թաղի գլխին։ Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը։

Վրա հասան դառնաշունչ օրերը, ինչպես ցուրտ աշուն։ Արտերում հասած ցորենները ծլում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում հրացանի փակաղակը։ Արճիճե կարկուտը ծեծում էր քարերն ու քարափները, հրանոթի գնդակը շառաչելով պայթում էր ծմակներում, սարսափահար անում մարդկանց ու գազաններին, ջարդում դողահար ծառերը։

Չոքեց ձմեռը, մահվան նման սառն ու անողոք։

Քաղաքում գզգզված մազերով մի մոնտյոր, մազութից սևացած շորերով, սանդուղքն ուսին, իբրև լապտերավառ, տնետուն էր ման գալիս։ Մի տեղ բուքը պղնձե թելերն էր կտրատել, մյուս տեղը գնդակը փշրել էր լամպը։ Շրապնելը ճեղքել էր սյունը, սպիտակ բաժակները ցած էին կախվել և աղիողորմ զրնգում էին, երբ քամին իրար էր խառնում թելերը։

Մոնտյորն ամեն տեղ լինում էր։ Նա լսում էր, թե ինչ են խոսում տներում հավաքված մարդիկ, նա տեսնում էր, ով ինչպես է ապրում։ Մի անգամ նա տեսավ Մաշոյին ձյունի նման սպիտակ շորերով, մազերի մեջ՝ թառամած մանուշակներ։ Նա իջնում էր սանդուղքով, մի սպայի հետ թևանցուկ, իսկ Անդոն կապկպում էր էլեկտրալարը։

Կինը գլուխը վեր բարձրացրեց։ Նրա հայացքում կար պաղ անտարբերություն, կարծես սյունի վրայից նայողը Անդոն չէր, այլ անմարմին