Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/184

Այս էջը հաստատված է

մի խրտվիլակ։ Սպան որսաց կնոջ հայացքը, զննող աչքերով նայեց վերև։ Անդոն դանդաղ կապկպեց լարերը, աչքերը չհեռացնելով սպայից։

Թշնամին էր, Լեռնա-Հալաստանի հետախույզ բաժնի սպան։ Եթե նա գիտենար, որ բոլորովին մոտիկ, սյունի տակ ընկած կաշվե պայուսակի մեջ պահված թուղթը կմատներ մոնտյորին, ինչպիսի գազանային ուրախությամբ սյունից կիջեցներ նրան և կքշեր խոնավ զնդանը։

Երբեմն ճրագները թարթում էին երկու անգամ, երեք անգամ։ Ամբողջ քաղաքն ընկղմվում էր խավարի մեջ և ապա հանկարծ լույսերը բռնկվում էին։ Անդոն էր այդպես անում, երբ նրան պատվիրում էր մեկը, որին Անդոն երբեմն տեսնում էր քաղաքի խուլ թաղերից մեկի ներքնահարկ տանը։

Եվ այդ գիշեր քաղաքի զանազան անկյուններից մի քանի հոգի զարտուղի ճանապարհներով, այգիների արանքով, իջնում էին ձորը։ Հին քարանձավում ձեթի ճրագի լույսը ճռճռվում էր սևացած պատերի վրա։ Ճրագի շուրջը նստողների ստվերները թրթռում էին պատերի վրա, կարծես ստվերները ճիգ էին անում իրենց թևերը կտրելու ճրագից։

Ամենից բարձր խոսողը մի վիթխարի տղամարդ էր, որ ցերեկը իջևանատան կամարի տակ նստած պայտ էր ծեծում։ Մեղմ, ջերմ ձայնով խոսում էր այն ընկերը, որ ապրում էր ներքնահարկ տանը և ցերեկը դնում էր սև ակնոց։ Նա հաղորդում էր տեղեկություններ զինվորների ու զենքերի մասին և հրահանգներ, որ ստացվում էին ընդհատակյա ճանապարհով։ Երբեմն քաղաք էին գալիս գյուղերից և հեռու հանքերից․ գալիս էին զարտուղի ճանապարհներով, երբեմն օրը ցերեկով՝ իբրև ածխավաճառ, իբրև ձին պայտարի մոտ բերած գյուղացիներ։

Անդոն անխափան չէր լսում նրանց։ Եթե ձորում մի շշուկ լսվեր, նա դուրս էր թռչում։ Դրսի հսկողությունը նրա վրա էր։ Նրանից լավ ոչ ոք չգիտեր ձորի ժայռերը, մութ քարայրները և նեղ արահետները։

Բուքը խաղում էր ձորում։ Մրսած գայլերը իջնում էին Դրնգանի անտառից, հոտոտում մարդկանց հետքերը, մոտենում քարայրին։ Ապա սարսափահար փախչում էին մեքենայի աղմուկից, լույսից, թեթև սուլոցից փախչում էին և նորից ոռնում քնի մեջ ընկղմած թաղերի վրա։

Լուսադեմին քարանձավի մարդիկ մեկ-մեկ ցրվում էին։ Նրանք նեղ առապարներով և այգիների ճանապարհով գնում էին դեպի քաղաքի լուռ փողոցները։ Գնում էին և հետքերը կորցնում։ Ձորն իսպառ ամայանում էր։ Անդոն հանգցնում էր ձեթի ճրագը, պահում պատի ճեղքի մեջ և վերադառնում մեքենայի մոտ։

Երբեմն քարի տակից հանում էր տպագիր առաջին լոզունգը, որ