Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/185

Այս էջը հաստատված է

ստացել էին սուրհանդակի հետ։ Նա փակում էր դուռը, թուղթը մոտեցնում կարմիր լամպին։ Խունացած թուղթը արնագույն էր դառնում և սև տառերը պողպատի սառնությամբ ասում էին.

− Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին...

Դրսում ոռնում էր բուքը։ Քաղաքի ու նրա բնակիչների վրա ծանրացել էր երկաթի խեղդող մի կափարիչ, ծանր, ինչպես ձմռան խավար գիշերը։

Պայծառ վառվում էր միայն մի կարմիր ճրագ, որի լույսի տակ մի երիտասարդ կամք հզորանում էր փշրելու խավար կափարիչը։ Ու նորից էր կարդում տպագիր թուղթը բրուտի տղան, Անա զիզու չար Անդոն։

Հնչում էր լուսաբացը։

* * *

Այն գարնանը ձյունը դժվար վեր կացավ։ Քարերը մերկացել էին, բայց նրանց հյուսիսային կողմը մնում էր ձյունը, որ լուսնյակ գիշերներին կապտին էր տալիս։

Բրուտ Ավագը էլ վերև չէր բարձրանում։ Գետերի ճանապարհը փակ էր, ամեն քարի հետևը մահ էր։ Էլ չէին առնում ո՛չ գավաթ, ո՛չ կարաս։ Նա Գյունեյ թաղի եզների հետ ման էր գալիս տաք ձորերում։ Մաշված եզները կոշտ լեզվով լիզում էին կանաչ մամուռը։

Նրանք հոգնում էին և փնչալով նստում քարերի արևադարձ կողմը, որոճում անշարժ, ինչպես քարերը։ Եզնարած Ավագը փաթաթվում էր կարպետի մեջ և կուչ գալիս եզների արանքում։

Երբեմն եզները մոտ էր քշում ձորին։ Դիմացը՝ մյուս ափին ամբարտակն էր, քարափի տակով անցնող առուն և փայտե նովը, որով ջուրը շառաչով թափվում էր և դարձնում «իլիստրիկու մաշինը»։

Ցերեկը քարայրն ամայի էր, դուռը կողպ։ Բրուտ Ավագը նստում էր քարի գլխին, ինչպես մեկը այն հեքիաթային ձևերից, որ կերտել էր մութ տարերքի քմահաճույքը։ Այդ արձանացած մարդը ամայի ձորի վրա մաղում էր այն տխուր երգերից, որոնց հնչյունները մաքուր են, ինչպես արցունքը, և հնամյա, ինչպես անտառի խշշոցը, գետի անվախճան գանգատը։

Բառեր չկային և ինչի՞ էր պետք բառը, երբ այդ ձորում ամեն ինչ ասում էր որդու մասին, նույնիսկ քարանձավի փակ դուռը, օջախի սևացած