Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/186

Այս էջը հաստատված է

պատերը։ Մի՞թե բառը կարող էր անոթ դառնալ և պարփակել նրա հույզերը, որ խռնվել էին, ինչպես վերևում հանդիպած կռունկների երամը։

* * *

Կարմիր բանակի 84-րդ բրիգադը վրան էր զարկել լեռնաշղթայի երկարությամբ։ Հյուսիսից և արևելքից կարմիր գնդերը կիրճերով, ծերպերով առաջ էին գալիս, փշրելով սպարապետի զորամասերի հուսահատ դիմադրությունը։ Արևմտյան ճակատում, ուր անխորտակելի պարսպի պես կանգնել էր 84-րդ բրիգադը, առաջին թեթև ընդհարումներն էին։ Թնդանոթների երախները մունջ նայում էին քաղաքի կողմը։

Օղակված քաղաքը դարձել էր ռազմական ճամբար։ Ու թեև վխտում էին զինավառված խմբեր, գայլավաշտեր, սակայն նրանց բոլորի դեմքին խարանված էր անխուսափելի պարտությունը, ինչպես վախճանը՝ մահամերձի երեսին։ Մի կանաչ հիդրա ջղաձգությամբ շարժում էր ծանր մարմինը, կծկվում էր, ինչպես փախուստ փնտրող օձը։

Իսկ ռազմաճակատը մոտենում էր, ինչպես ամեհի ալիքը։

− Գալիս են,− ասում էին իրար։ Ոմանք ավելացնում էին «մերոնք», ոմանք՝ «նրանք», իսկ մնացածները միայն հաղորդում էին, որ գալիս են։

Գիշերը քաղաքում լույսեր չէին վառվում։ Լիալուսինն էր ցոլում պղնձյա լարերի վրա և պարտեզներում հոսող ջինջ առուների մեջ։

Ու մի օր, արևի հետ, թնդանոթի արկը թռավ քաղաքի վրայով և պայթեց զորանոցների մոտ։ Առաջին պայթյունը կարծես նրա համար էր, որ հաստատեր, թե գալիս են...

84-րդ բրիգադը խոսում էր արճիճի լեզվով։

Սաստկացավ խուճապը։ Գայլավաշտերը հրաման ստացան նահանջի ճանապարհը բռնելու։

Մարդիկ փակեցին դուռ և լուսամուտ, ովքեր ունեին դուռ ու լուսամուտ։ Փողոցներից դեպի տները քաշվեցին նրանք, որոնց համար զենքը ծանր բեռ էր։ Զարթնեց հույսը, թե շուտով նորից կառնեն մանգաղն ու գերանդին։

Անա զիզին քաղաքի փողոցներում մոլորվել էր՝ վախից, անհանգստությունից։ Այդքան երկար նա երբեք չէր եղել քաղաքի փողոցներում։ Խեղճ մայրն ագահ լսում էր այն ամենը, ինչ խոսվում էր առաջխաղացող բանակի մասին: