Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/19

Այս էջը հաստատված է

Այդպիսի առանցքային խնդիր է արդար աշխատանքի, իբրև գոյության հիմքի, սրբագործումը «Կյորեսի» մեջ, որով հողի ազնիվ մշակներն ու պաշտպանները սահմանազատվում են անաշխատ խավից, տեղական «մեծատուններից»։ Այս հակադրության համար շատ էական է Աթա ապոր դատողությունների կերպը. «Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող։ Խոջա Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է»։ Աշխատանքի մոտիվի հետ բակունցյան տարեգրության մեջ ճնշում է նաև «հողի կորստյան» մոտիվը, իբրև քաղաքակրթության ավերածությունների հետևանք. «Հողը հողագործի ձեռքից գնում էր և դա անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես մայրամուտը...»։ Այնուհետև. «Հետզհետե ամայանում էր Կյորեսը։ Անդունդն էր սուզվում հողագործների ազգը»։

Այս պարբերությունները բնութագրում են պատմական ժամանակաշրջանի ողբերգական բովանդակությունը, այդ հիմքի վրա էլ ծավալելով «ժամանակների և բարքերի» գլխավոր թեման։ Բակունցն ըմբռնում էր պատմական ընթացքի ուղղությունը և ժողովրդի ապագա կենսագրության մեջ «վաշխառու-բեյ-չինովնիկ-վաճառական-խոջա» կապակցության փոխարեն տեղ էր տալիս «տավարած-սերմնացան-որսորդ-այգեպան» շղթային։

Դեռ քսանական թվականների վերջից սկսած Ակսել Բակունցը պատրաստվում էր հանդես գալու հայ ժողովրդի պատմական-քաղաքական-սոցիալական կյանքի լայնաշունչ ընդհանրացումներով՝ վիպական կտավներով։

«Կյորես» պատմա-գավառական քրոնիկոնից բացի նա գրում էր «Որդի որոտման», «Կարմրաքար», «Խաչատուր Աբովյան» վեպերը, որոնք բոլորն էլ թեև ունեցան առանձին հատվածների հրապարակումներ, բայց մնացին անավարտ։

Մինչ «Որդի որոտմանի» «վիպական ձևը» հերոսի երգիծական ինքնամերկացումն էր, «Կարմրաքարը» ծրագրվում էր իբրև «վեպ-էպոպեա», ուր նկարագրվելու էր հայ ժողովրդի կյանքը կապիտալիստական հարաբերությունների զարգացման դարաշրջանում։ «Կարմրաքարից» պահպանված ընդարձակ գլուխները վկայում են, որ Բակունցն այդ կտավի մեջ ամփոփելու էր իր գյուղագիտության-ժողովրդագիտության հարուստ պաշարները, ինչպես նաև լայն գծերով ու խորքերով մեկնաբանելու էր «...գյուղացիների ապագյուղացիացման» (Լենին) պատմական ընթացքը։

«Ժողովրդական վեպի» բեկորներից իսկ երևում է Բակունցի ռեալիզմի