Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/193

Այս էջը հաստատված է

− Ես զանգահարել էի բժշկին, չեկա՞վ։

− Եկավ, աստծու լուս խասնի էնոր մեռելաց... Դեզղիտուր. էլմ էնի... Լերդն ի ասաց,− և ապա դառնալով կատվին.− Քելի՛, փիսո՛, քելի՛, չայ պիրենք...

Հիվանդը պառավի ամուսինն էր, նույն միջանցքում ապրող դերձակը, որին համարյա բոլոր տնվորները, մանավանդ երեխաները՝ «պապե» էին կանչում։ Նիհար, քնքուշ դիմագծերով մարդ էր «պապեն», ամբողջ տարին նույն մաշված վերարկուն ուսին, նույն բրդե շալվարը, որ բազմաթիվ կարկատաններից ծանրացել էր։

Մաջիտա մայրիկը և «պապեն» Բաղդադից եկած գաղթականներից էին։ «Պապեն» լռիկ էր, ավելի հաճախ երեխաների հետ էր խոսում։ Մեծերին տեսնելուց մի կողմ էր քաշվում, կարծես ամաչում էր։ Իսկ Մաջիտա մայրիկը, կամ ինչպես «պապեն» էր ասում՝ «հանըմը», հաճախ էր բակ դուրս գալիս և զրուցում հարևանուհիների հետ։

Նրա խնամքի առարկան հավերն էին, որոնց համար «պապեն» բակում բույն էր շինել։ Հավերը նրա երեխաներն են,− ծիծաղելով ասում էին հարևանները։

Նրանք շատ սխալ չէին։ Մաջիտա մայրիկը ոչ միայն կերակրում էր, այլև հավերին խոսեցնում էր։ Նրա հավերը անուններ ունեին, բնավորություն։

− Էսօր Կապուտս քեֆսըզ էր, կուտ իսկի չկերավ։

− Խմոր թալե առաջը...

− Էն իմանսըզ խորող չարչրերի գիշերը,− զայրանում էր Մաջիտա մայրիկը։

Եվ ամբողջ բակը պիտի իմանար, որ «խորոզը չարչարել է կապույտ հավին», որ հերվա թխսամայրը ձուի է նստել, որ «էն կանդար կուտ կուտի անիրավ Չալը, մի խատ ծյու չի թալի...»։

Մաջիտա մայրիկը սպառնում էր Չալը մորթել, բայց անցնում էր գարունը, ամառը, հավերը պառավում էին, ծանրանում, իսկ նրա սպառնալիքը չէր իրագործվում։ Հավը մեռնում էր բնական մահով, պառավը լաց էր լինում ճշմարիտ և անարատ արցունքով։

Նրանց կյանքի սկիզբը պարզ և հանդարտ էր հոսել։ Ապա հանկարծ սևացել էր երկինքը, սևացել էր և գետինը, պայթել էր ջարդը, հրդեհը, գաղթը։ Անցած ճանապարհներին թողել էին բազմաթիվ անքար դամբարաններ, որոնց մեջ ամփոփված էին սովից, սրից, տապից և ծարավից մահացած մշակներ ու մանուկներ։ Բաղդադում պապեն ստացել էր տենդ, որից հյուծվել էր և դեղնել։