Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/194

Այս էջը հաստատված է

Փոխադրվելու առաջին օրից պապեն ու «հանըմը» սկսել էին անկաշառ բարեկամություն Լևոնի հետ։ Մաջիտա մայրիկը ավլում էր նրա սենյակը, սրբում էր փոշին, երբեմն թեյ էր առաջարկում, փոխարենը Լևոնը հատուցում էր բժշկին զանգահարելով, բնակարանի, լույսի և առօրյա այլ կարիքների օգնելով։

− Մաջիտա հանըմի հոգեորդին է Լևոնը,− ասում էին հարևանները։ Իսկ պառավը խանդաղատանքով էր խոսում նրա մասին, ակնածությամբ տալիս նրա անունը և նույնիսկ հարևանների առաջ պարծենում այդպիսի մարդու բարեկամությամբ։

«Պապեն» նրա սենյակը ոտք էր կոխում ամիսը մի կամ երկու անգամ և բավականանում էր բարևով։ Իսկ մայրիկը պատմում էր իր աշխարհից, որի սահմանները հասնում էին մինչև դարբասը։ Մանր պատուհաններ, կցկտուր խոսքեր, հարևանի տան լսածը և վերջապես հավերի գլխովն անցածը,− ահա նրա զրույցի առարկան։

Սակայն կար և մի մտերիմ «թեմա», որի շուրջը Մաջիտա մայրիկի խոսակցությունը ակնարկներից այն կողմը չէր անցնում և որին Լևոնը պատասխանում էր բարյացակամ ժպիտով։

5

− Դհա կուզե՞ս...

− Չէ՜, մայրիկ, տաքացա։

− Տնավեր, էն կազախի կիսու չափ է՞լ չկաս... էն կանդար չայ, ես իմ աստված, հավատալու չի...

«Ղազախը» նույն միջանցքում ապրող բարձրահասակ ռուս ուսանողն էր, որից Մաջիտա մայրիկը քաշվում էր։ Ոչ մի բառ ռուսերեն չիմանալով, Մաջիտա մայրիկը մտերմացել էր միայն նրա փոքրիկ աղջկա հետ, որի թևերից բռնած երբեմն տանում էր հավաբնի կողմը և կուտը տալիս աղջկանը, որ նա ցրի։

− Լցե՞մ։

− Չէ՛, մայրիկ,− և Լևոնը տեղից վեր կացավ։− Էսօր ոտքս ցավում է:

− Յարալու ո՞տքդ է...

− Հա՛։

− Ոսկորն է... Եղանակ որ նամացավ, իսա ոսկորիս մեջն է։ Որ արև էլավ, օդը չոր՝ հե՛չ...

Մաջիտա մայրիկը բաժակը վերցրեց սեղանից, սրբեց շաքարի փշրանքը: