Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/195

Այս էջը հաստատված է

Լևոնը մոտեցավ գրքերի դարակին, մեջքը դարձրեց դեպի պառավը: Չէր երևում՝ գրքերի՞ն է նայում, թե ծաղկամանին։

Պառավի մտքովն անցավ, որ առիթը հարմար է ավելի որոշ ակնարկելու նրա մասին, բայց այդ րոպեին Լևոնը հանկարծ շրջվեց.

− Խոնավ է, բայց լավ գիշեր է...− Եվ կարծես ինքն իրեն վերջացրեց,− քնել չեմ ուզում, թեև շատ եմ աշխատել...

− Գարուն է... Անուշ օր կբացվի վաղ։

− Ամպամած է երկինքը։

− Մասսի կլոխ պարզ ի... Լուսո մոտ լուսնակ կելնի...

− Այո՜ո՜...

Այդպիսի անորոշ բացականչություններից Մաջիտա մայրիկը խորշում էր։ Նա այնքան էր հասկանում, որ այդ րոպեին Լևոնի միտքը անմատչելի հեռուներն է։

− Քելի՜, փիսո՛...− Կատուն մռռաց։ Լևոնը մատներով թմբկահարում էր դարակի տախտակը։

− Նայի, որ «պապեն» շուտ առողջանա...

− Ղուրբան քեզի, Լևոն, օր չուրիլուս միտքս էտաի։

Եվ պառավը դուրս գնաց «բարի գիշեր» ասելով։ Միջանցքում փոշմանած կանգնեց և հանդիմանեց իրեն, որ առիթը բաց թողեց և ակնարկ չարեց, որ Լևոնին պակասում է «խորոտ կնիկ», որպեսզի օրերը ուրիշ լինեն, ուրիշ...

Իրոք, որ Մաջիտա մայրիկը կորցրեց ամենահարմար առիթը, որովհետև Լևոնի վրա իջել էր այնպիսի խաղաղ ժամ, երբ մարդ բացում է ներսը և հանդարտ թերթում, ինչպես իմաստուն մի գիրք:

Գարնան գիշե՞րն էր առիթը, ռադիոյի ե՞րգն էր դաշտերի մասին, թե՞ ծաղկամանն էր, −դժվար էր ասել։ Գուցե բոլորը միասին, ավելացրած այն գոհ տրամադրությունը, որ ունի մարդ, երբ հաջող ավարտում է աշխատանքը։ Գուցե և ուրիշ մութ բան, ինչպես բողբոջի բացվելը, ջրերի խոխոջը։

Լևոնը բաց արեց պատուհանի փեղկը։ Սառը քամին ներս խուժեց հողի խոնավ բույրով։ Մի րոպե թարմացավ ճակատը։ Մոտեցավ սեղանին, քաշեց արկղը։

Թղթերի, բլոկնոտների, նամակների և նկարների խառնիխուռն կույտեր էին։ Կային նագանի փամփուշտներ, որսորդական դատարկ պատրոններ, զմուռսի կտորներ և այլ անպետք ու պիտանի մանրուք։

Նա ետ տվեց մի փաթեթ, փոքրիկ թերթիկի վրայից իրեն էր նայում Լուսիկը, ինչպես այն տարին: