Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/198

Այս էջը հաստատված է

− Ինչքան լավ աղջիկ էր Լուսիկը...

Մտքում կրկնում է, կարծես թե այդ լավ աղջիկը մեռել է։ Բայց Լուսիկը կա. շուտով ինժեներ կդառնա այն քնքուշ աղջիկը։ Նրա մատները գծագրելու են, նրա հատակագծով տներ են շինելու։

Այսպես հասարակ եղավ բաժանումը:

Ցտեսություն, ընկեր Լևո՛ն...

Առաջին և վերջին անգամ նա այդպես ասաց։ Իրեն ուղարկեցին շրջան, աղջիկը գնաց Մոսկվա։ Հետո ի՞նչ... Խնդրել է, գուցե թե հաջողվի և ինքն էլ գնա։ Բայց այնտեղ կարո՞ղ է կրկնվել ծիրանիների փողոցը...

Անցյալ տարի Լևոնը մի անգամ անցավ այդ կողմերով։ Պատահաբար եղավ... Փողոցի աջ կողմը բարձրանում էին նոր տները։ Նրանց մի մասը կիսավարտ էին։ Փողոցի երկայնքով շարել էին կապույտ որձաքարը։ Մնում էր ծիրանիների փողոցի ձախ պատը, պատի հետևը ծառերը։ Նույնիսկ տեսավ առուն և այն պատշգամբը, որի տակ մի անգամ հորդ անձրևից պատսպարվել էին։

Ցերեկը, աշխատանքի ժամերին, նա հիշում էր Լուսիկի խոսքերը, երեկվա պատահածը, ուրախությունից և երիտասարդական ավյունից ժպտում էր ինքն իրեն, և ավելի թեթև էր ընթանում աշխատանքը։ Եթե սենյակում մարդ չէր լինում, նա երբեմն սուլում էր... Սուլում էր և հեռախոսի փողի մեջ ու խնդրում էր, որ Լուսիկը փողը պահի ականջի մոտ։

Նրա հիշողության մեջ տաք ներկերով այդ նկարն էր, ծաղկած ծիրանիները, երեսը բաց առուն և կավե բարձր պատերը, որ պարփակում էին իրենց մեջ և՛ խոխոջ, և՛ ծաղիկների բույր, և՛ անթափանց լռություն։ Կարծես քաղաքը և նրա ձայները չէին հասնում մինչև այդ խուլ փողոցը։

− Կշտացա՞ր,− ծաղրի տոնով հարցրեց Լևոնը և տեղից վեր կացավ։ Կարծես ուրիշն էր հիշողը և նա համբերությամբ սպասում էր, որ այդ ուրիշը հագուրդ տա ներելի թերությանը։

Վարագույրն իջավ նկարների վրա։

Սենյակի մեջտեղը կանգնել էր ուրիշ մարդ։ Նրա աչքը՝ ծաղկամանի վրա չէր, ոչ էլ միտքը՝ ծաղկած ծիրանիների փողոցում։ Սենյակի մեջտեղն այն մարդն էր, որի մասին ոմանք ասում են, թե բնավորությունը խիստ է, նույնիսկ կոշտ։ Նա տոկուն և համառ աշխատողի համբավ ունի։ Այն հարյուրները, որոնք աշխատում են նրա հետ, զարմանքով են պատմում նրա անսպառ եռանդի մասին։

Նրանք գիտեն, որ ընկեր Լևոնի ամրողջ եռանդը լափում է հազարավոր մեքենաների հայթայթման և մատակարարման բարդ աշխատանքը: