Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/199

Այս էջը հաստատված է

Ցերեկը բազմաթիվ մարդիկ ներս են մտնում նրա սենյակը։ Հեռախոսները զանգահարում են, աղմկում են դռները, մեքենագրուհիները, մարդիկ։ Մի տեղից հեռագրով պահանջում են տավոտ և բենզին, ուշանում է տրակտորների տեղափոխումը և ահա թափվում են ահազանգի հեռագրեր, որ հողը եռում է, կորչում են օրերը։ Եվ հարյուրավոր վայրերից այսպիսի բազմաթիվ թելեր, ինչպես ճառագայթներ, կենտրոնանում են այս կիզակետի մեջ։ Ներս ու դուրս են անում մարդիկ, որոնք եկել են շրջաններից, աշխատանքի վայրերից։ Ահա մեկը մանվածապատ սկսում է «նաղլը», իսկ Լևոնը մի քանի շեշտակի հարցերով տեղն է գցում խոսակցությունը։ Լսում է նրան, հեռախոսը զանգահարում է նորոգման արհեստանոց և մտքի խորքում միաժամանակ բարձրանում է նոր խնդիր, նոր աշխատանք։

Սենյակի մեջտեղը ահա այդ մարդն է, որի մի օրը վերջացել է և ահա վերադարձել է տուն՝ հանգստի։ Կբացվի առավոտը և հարյուրավոր մարդիկ նրան կտեսնեն նույն տեղը, նույն մտազբաղ դեմքով։

Միջանցքում կախված է շինելը։ Դուրսը խոնավ է։ Լևոնը հագնվեց և կոճկվեց մինչև վերջին կոճակը։

Տաք շինելը ձգում է մեջքը և այդպես նա իրեն կայտառ է զգում։

Հանգցնում է լույսը և զգուշությամբ բացում ապակյա դուռը։ Հարևանները քնել են։ Միայն «ղազախի» ձայնն է լսվում։ Երևի կարդում է։

6

Դիմացը՝ փողոցում էլեկտրական խոշոր լամպն է։ Սպիտակ մշուշը շարժվում է վերերով։ Նա շարժվում է, իսկ թվում է, թե օրորվում է լամպը։ Եվ մշուշը մաղում է նուրբ անձրև։

Լևոնը գոհ է, որ վերցրեց շինելը։ Եվ գոհունակությունը նա արտահայտում է ձեռքերը գրպանը կոխելով, թևերն ավելի սեղմելով իրանին։

Նա գլուխը վեր բարձրացրեց։ Դիմացի սպիտակ տունը ձգվել էր և մշուշի մեջ ավելի բարձր էր թվում։ Վերի հարկում մի քանի պատուհաններ լուսավոր էին. նրանք մշուշի միջից էին երևում և կարծես մի ուրիշ տան հարկ էր։

Մշուշն անցնում էր ծվեններով։ Ահա մի ամպի վերջին քուլաները՝ շղարշի նման թափանցիկ։ Նրանց արանքից երևում էին աստղերը։ Իսկ Արարատի լերկ կատարը շողշողում էր աստղալույսից։

— Ճշմարիտ էր Մաջիտա մայրիկը... Վաղը արև պիտի անի։

Լևոնը մայթի վրայով գնաց դեպի վեր։ Առվի եզրին երիտասարդ