Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/200

Այս էջը հաստատված է

լորիներ էին, իրարից հավասար հեռավորության վրա։ Նա հիշում է, որ աշնանը տնկեցին բարակ լորիները։ Գարնանը նրանք ծաղկեցին, բացի մեկից։

Երրորդ գարունն է։ Տասը գարուն հետո նրանք այնքան կբարձրանան, որ կհասնեն երկրորդ հարկի պատուհաններին և մարդիկ լորիների հովի տակ անց ու դարձ կանեն։ Փողոցը կդառնա անփոշի, մաքուր, լորիների փողոց, նրանք էլ կծաղկեն, ինչպես ծիրանին...

Լևոնը ձեռքը մեկնեց մի ծառի, մատներով սեղմեց։ Ծառին ոչինչ չասաց, որովհետև ծառի հետ չեն խոսում, բայց եթե խոսեր, նա աշխատանքի մարդու անսահման ուրախությունը պիտի հայտներ, որ ծառերը մաքրում են օդը, հով են անում և շոյում են աչքերը։

Նա կտրեց փողոցը, զգուշությամբ կոխելով անձրևից թրջված և լապտերների փայլփլող սալաքարերը։ Դիմացը վիթխարի շենքն էր, որի կեսը դեռ չէին ծածկել: Մի քանի պատուհան արդեն լուսավոր էր:

Լևոնը փողոցից նայեց։ Դեռ չսվաղած սենյակում սեղանի վրա գլուխը կռացրել էր Սողոմոնը։ Նա կամ հաշվում էր, կամ գրում։ Միայն ձեռքն էր շարժվում։

Խճուղային վարչության Սողոմոնը՝ հաղթանդամ, ծանրախոս, դանդաղաքայլ։ Երկու օր առաջ Կոմիտեի նիստում նրա զեկուցումն էր։ Մի քիչ «սեղմեցին»։ Սողոմոնը նեղն էր ընկել։ Լևոնն էլ ուզեց խոսք վերցնի և ավելացնի, որ ճանապարհների նորոգման վրա անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում, որ շատ գյուղեր տրակտոր և շարքացան չի կարելի տանել միայն ճանապարհ չլինելու պատճառով, բայց ականջին հասավ Սողոմոնի ռեպլիկը՝ ուղղված մի ուրիշին.

- Բուջե չկա, բուջե... Էտ անդերը հինչա՞վ շինեմ...

Հոգնած ժողովը ծիծաղեց նրա բարբառի, նրա պարզամտության և զայրույթի վրա:

Բայց և այնպես նույն օրը Լևոնը զանգահարեց նրան։

Պատուհանի հետևից երևում էր Սողոմոնի գլուխը։ Լևոնը հիշեց այն նիստը, սակայն միտքը թռավ ետ, քաղաքացիական կռիվների տարին, այն լեռնոտ գավառը, որտեղ այն տարին ապրում և պայքարում էին ինքը, Սողոմոնը, որին Սուղի էին ասում, Ասաքը, որին քաղաքում ճանաչում են իբրև ընկեր Սահակ, և ուրիշները։ Մի քանիսը սպանված, ոմանք այստեղ, ուրիշները ցրված խորհրդային անծայրածիր երկրներում Թուրքեստանից մինչև Սառուցյալ օվկիանոսի ափերը։

Եվ շարունակեց քայլերը, մտքում՝ Սուղին, Ասաքը, այն լեռնոտ գավառը, քաղաքացիական կռիվների տարին։