Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/204

Այս էջը հաստատված է

− Այ քեզ սատանա,− ասում է և շարունակում քայլերը։

Ռադիոյի աղջիկը երգում է.

Նռան կլեպ պռոշդ
Նեյնիմ, ամա՜ն-ամա՜ն...

Լևոնը դանդաղ է քայլում և ափսոսում է, որ այդ խոսքն ասաց։ Նայում է աջ ու ձախ։ Ու՞ր է ծաղկած ծիրանիների փողոցը... Ձախ կողմն էլ բարձրացել են շենքեր, նույնիսկ բարձր տներ վարդագույն տուֆից, կապույտ բազալտից։ Ահա այն պայտաձև տունը... Տունը երկար-երկար պատշգամբներ ունի, հարյուրավոր պատուհաններ բացվում են փողոցի վրա։

Բայց ո՞ւր են ծիրանիները...

Կարծես երկար տարիների օտարությունից վերադարձել է և փնտրում է այն տունը, որտեղ անցել էր իր մանկությունը։ Փնտրում է և չկա, և որովհետև չկա, ավելի է բարձրանում նրա հուզմունքը, նրա կարոտը։

Մինչ այդ նա երբեմն հիշում էր այդ փողոցը։ Այն միտքը թե ծառերն ու կավե պատը, և այն փոքրիկ պատշգամբը դեռ մնում են,− այդ ամենը հեշտ էին դարձնում մոռանալ Լուսիկի հետ կապված կյանքը։ Կուզենա՝ մի անգամ էլ կգա ծանոթ փողոցը։

Բայց հիմա չկա ո՛չ պատը, ո՛չ այն տունը, որի պատշգամբի տակ հորդ անձրևին պահվել էին, իսկ Լուսիկը սառը ձեռքը կոխել էր նրա թևքը:

Լևոնը հասավ մինչև անկյունը։ Պատշգամբով տան տեղը սև քարից կիսավարտ տուն էր, որի մի թևը մյուս փողոցի վրա էր շրջվում։ Նրա կողքին երկհարկանի տուն էր։ Այնտեղ արդեն բնակվում էին։ Երևում էին թաղարի մեջ դրված ծաղիկներ և թփեր։ Նրանց կանաչ տերևները կպել էին լուսամատի ապակիներին։ Կարծես դժգոհում էին սենյակի օդից և կարոտում գարնանամուտի տաք մշուշը։

8

Երկհարկանի տան կողքին մշուշի միջից ցցվում էին բարձր սյուները։ Սպիտակին էին տալիս հանգած կրի գուբերը: Գետնից մի քանի մետր բարձրացել էր պատերի գլուխը:

− Մեծ տուն է...

Լևոնը տախտակների, քարերի արանքով մոտեցավ։ Մի փոքրիկ սանդուղք էր դրված, որով ցերեկը բանվորները քար են տանում, մինչև պաները բարձրանան և սյունից կախեն վերելակները։