Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/205

Այս էջը հաստատված է

Նա բարձրացավ սանդուղքով։ Ու միտն ընկավ մի մոռացված դեպք, որ երբեք չէր հիշել։ Ի՞նչպես էր ընկել մտքից... Գնացել էին ձորի կողմը։ Ամառ գիշեր էր։ Այնքան թափառեցին... Լույսը բացվում էր, երբ իջան քաղաք։ Տների պատուհանները բաց էին։ Առավոտի այն ժամն էր, երբ գիշերվա տապը զիջում է հովին և խոր քուն են առնում մանավանդ երեխաները։

Այսպիսի մի սանդուղք հենված էր հողե պատին։ Լուսիկը խնդրեց բարձրանալ կտուրը։ Ներքևը լույս փողոցներն էին, կիսաքուն դռնապանները ավլում էին փողոցները, ջուր ցանում։

Ցածր կտուր էր, բակում բարդիներ, որոնց տերևները դեռ նոր սկսել էին դողալ լուսաբացի հովից։

− Լավ է մեր քաղաքը, չէ՞...— հոգնած հարցրեց Լուսիկը։

Լևոնի պատասխանը քաղաքին չէր վերաբերում։ Լուսիկի դեմքին կարմիր պուտեր էին, գիշերվա հետքերը։

− Իջնենք սառը ջրով լվացվենք...

Բարդիների տակով գնում էր ջուրը։ Մի կին ջուր էր առնում, քանի մարդիկ չէին զարթնել և չէր պղտորվել առուն։ Նա նայեց, հասկացավ և ժպտալով ասաց.

− Փեշքիր բերե՞մ...

− Ո՞վ է,– լսվեց մի ձայն տախտակների կույտի հետևից։

Լևոնը կանգնել էր պատի վրա և կիսամթնում հիմքերի ձևից, գերաններից փորձում էր հաշվել սենյակների թիվը։ Մի ստվեր գորշ անձրևանոցի մեջ փաթաթված մոտեցավ։

− Բարև, ընկե՛ր․․․

− Բարև։ Ո՞վ ես,— հարցրեց անձրևանոցով մարդը։

− Շենքին էի նայում...

− Վայ, ընկեր Լևո՛ն, չճանաչեցի... Ներողություն։ Գնանք, գնանք բուդկան... Կրակ եմ արել,− մարդը նորից մեկնեց ձեռքը, իջեցրեց նրան պատից։

«Ձայնը ծանոթ է, բայց չեմ հիշում»− մտածեց Լևոնը և խոսքը դարձրեց շենքի վրա.

− Ի՞նչ շենք է...

− Սա, ընկեր Լևոն, Բնակշինկոոպն է շինում... Համա ասում են ուսումնարան է։ Էդքանը մեզ հայտնի չի։ Էլ ո՞նց եք, լա՞վ եք... Մի անգամ ձեզ տեսա, ասի մոտենամ, մեկ էլ... էս էլ իմ բուդկան։

Նրանք տախտակների հետևն անցան: Մարդը տաշեղներից կրակ էր արել, վրան թեյամանը կախել...