Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/206

Այս էջը հաստատված է

− Հիմա էլ ըստի եմ բանում... Գիշերապահ եմ։

Կրակի մոտ ճանաչեց։ Օսեփն էր, ղազախեցի Օսեփը։ Երեք տարի առաջ նրա մոտ էր եկել տրեխներով, մորթե վիթխարի փափախը գլխին։ Ներս էր մտել և սարեցու զրնգան ձայնով ասել․

− Ինձ քու մոտ են ղարկել...

− Ի՞նչ կա։

− Ինձ պիտի ունթունես...

− Ո՞րտեղ։

− Հո մեծամեծի գործ չեմ ասում... Ղարաուլ, բան։ Կարամ լավ փայտոն քշիլ, ձի պահիլ։ Մի խոսք ամեն բան ձեռովս վեր է գալիս...

Եվ իսկույն ավելացրել էր, որ գյուղից նոր է եկել, և որ տնից հեռացել է «կնկա պատճառով»։

Օսեփը դարձավ գիշերապահ։ Մի երեկո, երբ ինքը ներս մտավ հիմնարկը, Օսեփը միջանցքի ծայրից բղավեց․

− Ընկեր Լևոն, էս սհաթիս մի կնիկ թելեպոնով քեզ հարցրեց։ Ասի ըստի չի... Նհենց քաղցր էր խոսում։

Լուսիկն էր հարցրել։

− Ընկեր Լևոն, բախտս բերեց... Գնացի Աշտարակուց մի աղջիկ առա. իմ ուզած օղլուշաղն է... Դեյրա եմ առել, մի ջուխտ բատինկա։ Տես,− և նա արձակեց անձրևանոցի կոճակները,− իստակ մաքուր... էս սաղ նրա շնորհքն է... Համա էս գործս ուզում եմ փոխած... Այսուհետև ինձ հարմար չի։ Ես ըստի մենակ, նա ընդի․․․− և կրակը խառնելով ավելացրեց.−ասենք պատահած վախտը գալիս է... Դե տան հաշիվը ուրիշ․․․− Ապա անհամբեր հարցրեց․− Հմի՞ որդի ես, ընկեր Լևոն. քո կուշտը որ գործ լինի, էլի կգամ...

Լևոնը նայում էր կրակին։ Նրա ականջովն էր ընկել մի խուլ ձայն, որ գետնի տակից էր գալիս։

− Էս ջրի ձա՞յն է, Օսեփ...

− Հա, ըստի մի արխ կար... Խանգարում էր, տափի տակը գցեցին։ Էս նրա ձենն է։

Ծաղկած ծիրանիների փողոցի առուն։ Քարերի տակ, մութի մեջ գնում են ջրերը և նրանց ձայնը խուլ է հնչում։

Լևոնը վեր կացավ։

− Չայ խմի․․․

− Չէ, գնում եմ։− Եվ մի քիչ մտածելուց հետո հարցրեց․− Օսե՛փ, էստեղ ծիրանի ծառեր կային...

− Ճշմարիտ, քո ասածն ա, ընկե՛ր Լևոն... Հրե մի հատը մնում է...