Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/21

Այս էջը հաստատված է

ժառանգությանը՝ նրա վրա գցելով պատմական երկու դարաշրջանների լույսը, մեկ՝ Աբովյանի ժամանակի, մեկ՝ իր ժամանակի։

Բակունցի գիտական հետազոտությունն ունի ծանրության երկու կենտրոն՝ Աբովյանի «անհայտ բացակայումի» «գաղտնիքների» բացահայտումը և Աբովյանի աշխարհայացքի հայտնի գնահատականների վերանայումը։

Դիմելով արխիվային փաստաթղթերին, Աբովյանի նամակներին և հիշատակարաններին, ժամանակակիցների մեմուարներին և ժողովրդի մեջ շրջող ավանդույթներին, Բակունցը առաջադրեց «փախուստի» վարկածը (Արաքսի մի ափից մի խումբ գյուղացիների հետ տեղափոխվեց Արաքսի մյուս ափը), որն այնքան անհամոզիչ էր, որ պատմաբան Աշ. Հովհաննիսյանի բանավեճային «Խաչատուր Աբովյան» (1933) գրքում որակվեց իբրև «վիպական-բելետրիստիկական» տեսակետ։ Բայց, ի տարբերություն նույն Աշոտ Հովհաննիսյանի, որը Աբովյանի գաղափարական պաթոսը հանգեցնում էր ցարիզմի գաղութային էքսպանսիայի գովքին և կովկասահայ բուրժուազիայի «ինտերեսիերի» մեծարանքին, Բակունցը նորանոր վկայակոչումներով Աբովյանին տեղադրում է հասարակության պլեբեյական շերտերի՝ գյուղացիության, վերածնության երազների շրջագծի մեջ։ Աշխարհայացքի գնահատման կետում իրավացին Բակունցն էր։

Նրա գիտական ուսումնասիրությունը, ամենայն հավանականությամբ, խոր հետախուզություն էր պատմության ուղիներում՝ ավելի ճիշտ ըմբռնելու համար Աբովյանի անձն ու գործը։

Այդ աշխատությունից վիպական կտավ անցան և՛ գաղափարական համապատասխան կողմնորոշումներ, և՛ արժանահավատ, ստուգված փաստեր։ Հրապարակված վիպային հատվածները վկայում են Բակունցի արտակարգորեն ջանադիր աշխատանքը փաստաթղթերի և ձեռագրերի վրա։

Վիպական կառուցվածքի մեջ պատմական փաստերի նշանակության, ինչպես նաև պատմաբանի ու գեղարվեստագետի խնդիրների տարբերությունը ցույց տալու համար անհրաժեշտ աղբյուր է «Տարաս Բուլբայի» թարգմանությանը կցած բակունցյան առաջաբանը։

Բակունցը գրում է. «Տարաս Բուլբայի» մեջ հիշատակված հերոսներից շատերը ոչ միայն պատմական անձնավորություններ են, որոնց մասին Գոգոլը տեղեկություններ է քաղել հին տարեգրություններից, այլ ոմանք եղել են հեղինակի նախահայրերը և նրանց մասին ավանդել է տոհմական քրոնիկան... Գոգոլի ստեղծագործության համար պատկերների, ոճի և նյութի անսպառ աղբյուր էին այն անգիր վեպերն ու զրույցները,