Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/210

Այս էջը հաստատված է

Շարժվեցին գոմեշները...

Արտաշի հետ փողոցի մեջտեղով մտազբաղ գնում էր Լևոնը, գնում էր ցույց տալու պահեստի տեղը, գնում էր Արտաշի հետ խոսելով և երբ գոմեշները դժվարանում էին քաշել, նա ետ էր գալիս՝ անիվը հրելու։

Ո՛չ ցեխ կար, ո՛չ անորոշ կսկիծ․․․

* * *

Մաջիտա մայրիկը առավոտ կանուխ զարմացած նայում էր Լևոնի շինելին, որից գիշերը ջուր էր կաթկթել հատակին։

− Էս կանդար չամուռ... Դյո՞ւրի կնացե գիշերը մեր տղեն։

Եվ գլուխը խորհրդավոր շարժեց։

Դուրսը արև էր, ինչպես նա գուշակել էր։ Արևի ճառագայթները պատուհանից ներս էին ընկել և խաղում էին գորգի վարդերի և նուռերի հետ։

Լևոնը խոր քնի մեջ էր։ Թախտի առաջ ցեխոտ սապոգներն էին։ Նա ուշ էր վերադարձել ու չէր հանվել։ Վերարկուն էր քաշել վրան։

Երբ գորգի վարդերի վրայով ցած սահեր արևը և խաղար նրա ունքերի և արտևանունքների հետ, Լևոնը պիտի զարթներ և պիտի սկսվեր աշխատանքի առօրյան։

1930

ՍՊԻՏԱԿ ՁԻՆ
1

Շարմաղ բիրին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը,− խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերկեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը։

− Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին,− մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ-կապույտ երկնքի