Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/211

Այս էջը հաստատված է

հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում․ ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։ Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները․ և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը ետ քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։

Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած զարմացած իրար նայեցին։ Ահ կար նրանց ալքերում։ Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում։

− Է՛-հե՛՜-հե՜յ,− ալիք–ալիք դիզվեց ձայնը,− ժողովո՜ւրդ... Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ... Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը, է՛-հե՜-հե՜յ...

Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թտղի կողմը դարձրեց։

Շարմաղ բիրին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ո՞ւր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ Դուռը դժգոհ վրա դրեց, և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց պառավ շան նման։

− Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր...

Երբ Շարմաղ բիբին եկավ, տեղը նստեց և երեխաները տատի ներկայությունից սիրտ առան,− Սիմոնը խոր հառաչելով, կարծես ինքն իրեն, ասաց․

− Էսօր Մինասի տղան էր պատմում... Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ․․․