Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/212

Այս էջը հաստատված է

− Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում,– հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը։

− Եսի՞մ,– ուսերը վեր քաշեց հայրը,− կռիվ ա, բալա ջան... Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տո՛ւր... թագավորի հրաման ա։

− Փո՛ւ, փո՛ւ...

Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտո՞ւմ, թե՞ պաղեցնում էր տաք ապուրը։ Մայրը սկսեց նրան կերակրել և ահը սրտում, ամուսնուն հարցրեց.

− Ծեր Ցոլակը չափումը կգա՞,− բայց Սիմոնը, որ անակնկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։

Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը՝ ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։ Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։

− Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա,− ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։

− Հակառակի պես հայվանն էլ ջանով ա,− ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով,− տարվա էս ժամանակ ձին էլ էղքան ջանով լինի։ Հալբաթ էսպես պիտի լիներ...

Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն։

Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։

Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց.

− Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո...

Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան։ Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը։