Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/215

Այս էջը հաստատված է

ձիուն։ Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։

Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը և միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արև լինի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն և եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն։ Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց.

− Սիմոն, բա չպրծա՞ր․․․

− Եկա՛, եկա՛...

Եվ Ցոլակի սանձը քաշեց։ Տանեցիները դանդաղաքայլ հետևեցին մինչև հարևանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով։

Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր, լաց էր լինում և Շողերը, լալիս էր նրա մայրը։ Փողոցին չհասած, մայրը լսեց Երեմի ձայնը․

− Ապի՜ , ապի՜․․․

Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր–բարձր հեկեկում էր և կանչում հորը։ Բայց ուշ էր։ Սիմոնը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների։

Մայրը վերադարձավ, գրկեց տղային ու տուն մտավ։ Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորները դարիվերը բարձրացան և պահվեցին բլուրի հետևը։

Արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու։

4

Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին։ Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը տերը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնաղի ողբ են երգում գյուղի կանայք։

Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ։ Մեկը գրպանից հաց էր հանել, մյուսն ագահությամբ ծծում էր չիբուխը, երրորդը կախ էր արել ոտքերը, աչքը ձիու ականջներին և լուսաբացի նինջով օրորվում էր ձիու հետ։

Բայց երբ սարի հետևից արևը բարձրացավ, կարծես ջերմացավ