Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/219

Այս էջը հաստատված է

− Սիմոն, հրե՜ն,− հանկարծ կանչեց դարբնի տղան և Սիմոնը ցնցվեց։

Նա գլուխը ետ դարձրեց։

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկեվորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

Գյուղացիների զրույցը դադարեց։ Բոլորը նայում էին նրա կողմը։ Նույնիսկ ձիերից մի քանիսը բարձրացրին իրենց գլուխները և հափշտակված, անասնական ահով նայեցին սպիտակ ձիուն։

Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր։

− Այ ձի... Հազար մանեթ գին ունի։

− Տերն էլ պակաս փող չունի։

− Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի,− ասաց դարբնի տղան։

− Նրա վրա ամենաքաշը գեներալ կնստի...

− Վրան նստողն էլ գեներալ է։

Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։

− Դուրս գալդ մի սհա՞թ կա, Կոստանդ աղա,− շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքելը, որին շշմեցրել էր այդ տեսարանը։

− Սհաթին չեմ նայել... Մինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ։ Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց...

Դարբնի տղան կամաց վրա բերեց․

− Տո՛ւր ինձ, ես կպահեմ։

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց, սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ և տիրոջ խոսքը մնաց կիսատ։

Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը։ Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը։