Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/220

Այս էջը հաստատված է

− Հրեղեն ձի սրան կասե՜ն...

Քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան։

6

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը,− ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։ Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բադերը գիշերում են նրա մռայլ խորաններում։

Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները,− ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքև, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց և ահա թաց ռունգներով շնչում է թարմ արյան հոտը։

Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչյուն և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։

Երբ ձիավորները քաղաք հասան, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Փողոցները, արտերի միջնակները, նույնիսկ տների բակերը սևացել էին ձիերի հազարավոր խմբերից։

Կային հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ։ Նրանց կապոտել էին՝ որին քարից, որին ծառից կամ գետնին խրած սեպից։ Կային և իրար կապած ձիերի խմբեր։ Մեկի առաջ խոտ էր, մյուսինը հարդ, երրորդը նեղվում էր քաղցից, շոգից և անսովոր միջավայրից։ Քաղցած ձիերը պոկոտում էին փողոցի չոր և հազար սմբակի տրորած խոտը։