Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/221

Այս էջը հաստատված է

Ձիերն իրար հետ կռվում էին․ ամեն անկյունից վրնջոցի ձայն էր լսվում։ Մի տեղ, ձիերի բազմության մեջ, քուռակն իր մորն էր կորցրել և բարակ վրնջոցով կանչում էր, վազվզում, մռութը մոտեցնում ուրիշ մայրերի։ Շոգից կատաղած որձաձիերը կտրատում էին կապերը և ամեհի կրքով հալածում էգերին, իրար կրծոտում և արնոտում բաշ ու ազդրերը։

Այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայհրոցն ու բղավոցը։ Հայ, թուրք իրար էին խառնվել։ Պետական հրամանը բոլոր գյուղերում կրկնվել էր պաշտոնական կարգադրության գորշ նմանությամբ և մարդկանց ու ձիերի այդ ահագին բազմությունը քշել քաղաք։

Հրապարակի մի անկյունում տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները։ Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի և գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով և պղնձյա ծանր մեդալներով։ Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր,− որ ծովի նման ծփում էր։ Եվ բոլորի աչքերն ուղղված էին սեղանի շուրջ նստած չինովնիկների կողմը, որովհետև նրանք էին որոշում ձիու և ձիատիրոջ բախտը։

Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում ըմբիշը։ Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում։ Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում։

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։

Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր։ Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին և արագ հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղված, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։

Ձիատերը փորձում էր գնալ իր ձիու հետևից, սակայն բղավում էին նրա վրա և ինչպես պարտված ըմբիշ, նա մնում էր գլուխը կախ։ Բազմությունը լուռ դիտում էր այդ տեսարանը։ Ապա տանուտերը կանչում էր նրան և շշմած մարդը սթափվում էր, հավաքում այն, ինչ հանձնում էին՝ ձիու սանձը, չվանները, համետը,− և այդ իրերը շալակած անցնում