Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/222

Այս էջը հաստատված է

էր հրապարակով դեպի բազմությունը, ձեռքում բռնած թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինը և նրա նախկին տիրոջ ազգանունը։

Գյուղացիները երբ քաղաք իջան, ձիերը կապեցին հրապարակից հեռու։ Գիլանց Մուքին և Աքելը առաջ ընկան՝ ամբոխի մեջ գտնելու հարևան գյուղերի մարդկանց։

Առաջին հանդիպած ծանոթին, որ նրանցից կանուխ էր եկել, իսկույն հարցրին․

− Հը՛, շա՞տ են տանում․․․

− Էլ մի ասեք, զուլում ա...

Սիմոնը տեսավ իր վաղուցվա ճանանչ թուրքին և նրան մի կողմ քաշելով առանձին հարցրեց, թե ինչպիսի ձիերն են ազատվում, արդյոք կարճահասակ ձին է՞լ են տանում։

− Ձիուդ ոտքը պիտի կոտրած լինի կամ խոր վերք ունենա, որ ազատվի․․․ Թե չէ՝ բոյը հաշիվ չի․․․

Սիմոնի ոտները թուլացան։ Մինչև այդ խոսակցությունը նա դեռ աղոտ մի հույս ուներ, որ այնուամենայնիվ հույս էր։ Այժմ այդ էլ ցնդեց։ Նա հուսահատ մոտեցավ ձիուն։

− Ցոլա՜կ,− և ձին վրնջաց այդ ծանոթ կանչից։ Կարծես հիմա խոտ պիտի գցեին նրա առաջը։ Սիմոնը հարդով լի պարկը կոխեց նրա գլուխը։

− Ցոլակ... Գնում ես էլի...

Քիչ հետո Գիլանց Մուքին հոգնած վերադարձավ։ Նրա ալեհեր դեմքի վրա դառն անհուսություն կար։ Եվ հուզված, հևացող շնչով ասաց գյուղացիներին.

− Հիմա Քարագլուխն են կանչում, հետո զիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո՝ մենք...

Սիմոնը մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց և ձին քշեց։

− Էդ ո՞ւր, Սիմոն,− ձայն տվավ Սաքու տղան։

− Տանեմ գետը... Կաթնաղբյուրից ջուր չխմեց։

Այդպես փախչում են սարսափից։ Այդպես փախչում է հոտը, երբ կայծակն ահռելի որոտով խփում է մոտակա ժայռին։ Այդպես դողահար վազում է գազանը, երբ հրդեհվում է անտառը։

Սարսափահար փախչում էր Սիմոնը, մոլորվելով քաղաքի փողոցներում, անվերջ մտրակելով ձիուն։ Կարծես նրա հետևից էին ընկել