Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/224

Այս էջը հաստատված է

աջ ա ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեջքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։

Ձին այլևս չդիմացավ, շրջվեց կողքի վրա և մեջքը կիսով չափ թաղեց գետի մեջ։ Ցավից և անսովոր վիճակից Ցոլակը ցնցում էր ոտքերը, փռնչում ռունգներով, վիզն ու գլուխը քսում գետափին և փորձում ոտքի կանգնել։

Սիմոնն արնոտ չեչաքարը մի կողմ դրեց, ինչպես մարդասպանը դաշույնը և սարսափով նկատեց, որ գետի ջուրն անվերջ կարմրում է, երբ ալիքը զարկում է ձիու մեջքին։

— Չլինի՞ տամար տրաքեց...

Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։

Սիմոնն արագ արձակեց կապերը, սանձը, ինքը կիսով չափ մտավ ջուրը և գոռալով, աղերսելով, հրելով ու քաշելով մի կերպ բարձրացրեց ձիուն։

Ցոլակը դողում էր։

Նրա մ՛եջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել և երևում էր կարմիրը, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը։ Արյունը շարունակում էր կաթկթել, բայց մի քանի տեղ արդեն լերդանում էր։

Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վիրքը, ջրախոտերով ծածկեց, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը։

Ձին հազիվ էր քայլերը փոխում։ Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։

Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին՝ հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ...