Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/233

Այս էջը հաստատված է

վաղեմի մի օր գովել է այն նշանավոր պոետը, որի անունը մեզ համարձակություն ներշնչեց ավելի մանրամասն նկարագրելու լուսաբացը, քան այդ թույլատրում է չափի զգացումը։ Եվ վերջապես մի այլ բանաստեղծ, որից առավել քանքարով ոչ ոք չի նկարագրել բարդիները, լուսինը, ջրերի երգեցիկ զրույցը,− մեր ներկայությամբ մի թուխ մաշկով աղջկա, որ նման էր եթովպուհու, ասաց.

− Ձեր մազերը նման են այս ծառերին,− հետո թափահարեց ծառը, և հազարավոր նարնջագույն տերևներ տեղացին կայտառ աղջկա ուսերի վրա...

Ահա լուսավորվեցին այդ ծառերը, ելան դռնապանները՝ ավելներով, թիակներով, դույլերով և սկսեցին հարդարել փողոցը։ Նրանք էլ գնացին և ապա արևը ոսկի տեղաց Արարատի գագաթին։ Արդեն սուլեցին գործարանները՝ մեկը զիլ և ուրախ, մյուսը խռպոտ, երրորդը՝ երկարածոր, ինչպես տխուր սեգյահ։ Փողոցում զարթնեց աղմուկը։ Տասը, քսան, հետո հարյուրներ, միայնակ կամ խմբերով, ելան տներից, եկան մյուս փողոցներից և բանվորների բազմությունը լցրեց այս փողոցը։

Ոմանք դրսում են կոճկում բաճկոնը, ոմանք տրորում են աչքերը և գնում են լուռ ու լուրջ։ Կան տարիքավոր մարդիկ, որոնք հազար-հազար անգամ անցել են այս փողոցով, և տարիների ընթացքում նրանց ոտքերը վարժվել են մի չափի, որով անվրեպ հասնում են աշխատանքի վայրը։ Հինգ րոպե և փողոցը լցնում են կաշեգործները, հյուսները, դարբինները, մոնտյորները, հնոցապանները,− գործարանային աշխատանքի բոլոր ներկայացուցիչները։ Կան հյուսներ, որոնք երեսուն տարի նույն կողովը ձեռքին, նույն հաստ մատիտը ականջի հետևը, գնացել են այս փողոցով։ Կարելի է տեսնել ներկարարների, որոնց բարձրավիզ կոշիկների վրա երևում են բոլոր ներկերի հետքերը՝ գաջից մինչև օլիֆ։ Ահա «արճիճե» բանակը, ահա և կաշեգործները, որոնք վաղնջական ժամանակներում եղբայրակից էին բանաստեղծական արվեստին։

Աշխատանքի այդ բանակը անտարբեր է փողոցի գեղեցկության։ Եթե մեկը երազում է այս փողոցում՝ նրան անվանում են «ավարա»։ Եթե վարպետը բարկանում է աշակերտի վրա և հանդիմանում, ապա հիշատակում է և այս փողոցի անունը․ «Դու լավ կարաս Աստաֆյանը չափես...»։ Գործարանները շտապող այս մարդիկ չեն սիրում փողոցի երկարությունը։ Նրանք, երբ վերադառնում են աշխատանքից, հատկապես տարիքավորները, շատ են գանգատվում այս երկար փողոցից. «Գնա՜, գնա՜ թե վերջանա...», «Ե՞րբ կազատվենք սրա ձեռից...», «Ա՜խ, մի ոտքերս կտրվեն գետնից, գոռալով գնամ, գռռալով գամ...»։ Եվ այս