Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/234

Այս էջը հաստատված է

բոլորն այն փողոցի հասցեին, որ համբերատար լսում է և մյուս փողոցներից ավելի մաքուր է, մայթերն ամուր են, իսկ լանջը՝ արծաթյա պնակի նման ողորկ։ Եվ այս բոլորն այն ժամանակ, երբ նկարների ծանր կոշիկներն ամուր դոփում են, այնինչ փողոցը, կարելի է ասել, կուլ է տալիս իր սեփական փոշին, որ հեշտ լինի նրանց երթը։

Սակայն բարակում է այն հոսանքը և միայն հեռվից, կաշեգործարանի մոտերքից լսվում է ներկարարների հաստ կոշիկների դոփյունը։ Նրանք դեռ գործարան չեն հասել։ Փողոցում երերում է փոշու ծխագույն շղարշը։ Դարձյալ երևում են հատուկենտ մարդիկ։ Նրանցից մի քանիսը շտապում են, մյուսները ծանրաքայլ են։ Շտապողները ետ մնացած բանվորներն են, ծանրաքայլ անցնողները՝ ծառայողների բանակի առաջապահները, որոնք թևերի տակ մատյան, համրիչ կամ թղթի կապոց՝ գնում են իրենց հիմնարկը կիսատ բալանսը լրացնելու, կամ քաղվածքներ գրանցելու և կամ հենց այնպես, մի քանի րոպե վարիչի աթոռի վրա նստելու և երազելոլ ո՞վ գիտե որպիսի հեռանկար։

Նրանք առաջապահներն են, իսկ բանակը դեռ թեյ է խմում և հաճախ նայում ժամացույցին։ Մի քանի րոպե ևս և ահա փողոցը հեղեղում են գործավարները, մեքենագրուհիները, հաշվապահները, վիճակագիրները, հաշվետարները, քարտուղարները, մանր բաժինների վարիչները, որոնց մեջ, ինչպես սարյակը ճնճղուկների երամում, կարելի է տեսնել և վարչության պետերին։ Այս բանակը առաջինի ո՛չ կարգապահությունն ունի, ո՛չ ծանրախոհ լրջությունը։ Միայն գլխավոր հաշվապահներն են իրենց քայլվածքով ներշնչում ուժ և վստահություն։ Իսկ մանր հաշվետարները, որ միայն թվաբանական չորս գործողություն են կատարում հաշիվների հետ,− կարծես դպրոց են գնում։ Հապա մեքենագրուհիները... Կա այնպիսին, որ փողոցումն է ավարտում իր տուալետը, կա, որ հենց գլխավոր հաշվապահի քթի տակ վեր է քաշում գուլպան և կորցնում է իր ոտքը (և ի՜նչ ոտք, սրտեր խոցող կեռ յաթաղան․․․)։ Կա և այնպիսին, որ մինչև հիմնարկի մուտքը զարմանալի արագությամբ տեղեկանում է գիշերային պատահարների մասին, մի քիչ բամբասում է, մի քիչ զվարճացնում և մի քիչ նախանձում։ Ահա սրանց են ասում «Աստաֆյանի օրիորդներ», սրանք են, որ փողոցը լցնում են երփնաբույր օծանելիքներով, օդի մեջ թողնելով աննյութական ժապավեն, երբ նրանց բարակ մատներն արդեն խաղում ունդերվուդի ստեղների հետ։

Առավոտյան այդ ժամին փողոցում կարելի է լսել զանազան տեմբրերի ծիծաղ, գլխավոր հաշվապահի կուշտ վրնջոցից մինչև մանր հաշվետարի