Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/236

Այս էջը հաստատված է

է նայում այդ փողոցին։ Եվ ի՜նչ բույր, մշկենու ի՜նչ հոտ... Ահա գնում է մեկը և գիտե, որ քաղաքի ամենագեղեցիկ ոտքերն իրենն են. գնամ է և ոտքերը փոխում այնպես կաքավաքայլ, կարծես ափսոսում է կոխել գետինը։ Ահա մի ուրիշը՝ երկար և սև արտևանունքներով, որոնց տակից նայում են մթին աչքերը, ինչպես աստղերը ջրհորի մեջ։ Կան և կապույտ աչքեր, այնքան վճիտ, որ նրանց մեջ արտացոլում է զգեստի ծփանքը, ինչպես անտառի շորորը լեռնային լճակի մեջ։ Կան և հոլանի բազուկներ, և էլ ինչե՜ր չկան ու ի՜նչ ձևեր, ձևերի որպիսի կորություն, ամենը նուրբ...

Լավ է դադար առնել այստեղ։

3

Հետաքրքիր չեն մյուս ժամերը՝ մինչև երեքը, չորսը, և նույնիսկ այդ ժամերն էլ հետաքրքիր չեն, որովհետև բանակները աշխատանքից հոգնած շտապում են հացի և հանգստի։ Նրանք արագ են անցնում և ուշադրություն չեն դարձնում փողոցի եռուզեռին, այլևս բարձրաձայն չեն խոսում, իրենց ծառայության և առտնի գործերի մասին։ Եթե որևէ մեքենագրուհի մի քիչ կանգնում է վիտրինի առաջ և դիտում կանացի գլխարկները,− ուշադրության արժանի չէ նրա տխուր դիրքը։ Կարելի է լսել զուսպ տրտունջներ, որ շոգ է, սակայն այդ չի վերաբերում փողոցին, որովհետև շոգը արևն է թափում։ Նրանք չեն նկատում, որ հենց այդ ժամին փողոցի ծառերը շարժում են իրենց ճյուղերը՝ որպեսզի զովանան ծառայական անձանց հոգնած մարմինները։

Հետո երկարում են ստվերները, արևը հանգստի է գնում։ Հետզհետե կենդանանում է փողոցը։ Դուրս են գալիս նրանք, որոնք հետկեսօրյա քնից ծանրացել են, և նրանք, որոնք սպասել են ձգվող ստվերներին։ Սկսվում է Աստաֆյան փողոցի իսկական կյանքը, նրա վեհությունը, այն ժամանակը, երբ նա դադարում է փողոց լինելուց և դառնում է զբոսարան, ժամադրավայր, երազատուն, մի խոսքով հայրենի տուն, որտեղ շրջում են հորեղբոր որդիները և մորաքրոջ աղջիկները, հորեղբայրները, քեռիները և պապերը։ Ամենից անհամբերը երիտասարդներն են։ Ահա Գեռառի կողմից արագ գալիս է մի դեռատի պատանի։ Նա սանրել է մազերը, փայլում են կոշիկները և ձեռքին ծաղիկների փունջ ունի։ Նա չի տեսնում ո՛չ խոչընդոտ, ո՛չ մյուս փողոցների երթևեկը։ Նրան թվամ է, թե Աստաֆյանը մի անմարդ այգի է, որտեղ ծառերը բուսել են ստվերի և հառաչանքների համար։ Մի անմարդ այգի, որտեղ