Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/238

Այս էջը հաստատված է

Գիշերային այդ ժամին քաղաքի այն խուլ փողոցներից, այն ասիական լաբիրինթից, որ ինչպես ասացինք քաղաք է քաղաքի մեջ և որտեղ խլրտում է մանր տնատերերի մի բազմություն,−դուրս է գալիս մի վտիտ մարդ․ մի անանուն մարդ։ Նա կանգնում է երեք բարդիների առաջ, նայում է ներքև, տեսնում է փողոցի գետինը, որ շողում է լույսերի տակ, և լսում է ջրերի ձայնը։ Հետո նա բարձրացնում է բարակ վերարկուի օձիքը և մայթի վրայով գնում է դեպի վեր։ Փողոցի վերջում նա անհայտանում է և երկար ժամանակ չի երևում։ Նա նստում է մի փոքրիկ բարձրության վրա և այնտեղից նայում է քաղաքի լույսերին, դաշտին և հեռվի լեռներին։

Մութի մեջ ցցվում է Արարատի սպիտակ գագաթը։ Ստորոտը, որտեղ ձյուն չկա, կորչում է մութի մեջ և երևում է միայն ձյունոտ գագաթը, որ հեռուներում դողում է, ինչպես վիթխարի ամպ։ Նրա աչքին ահա երևում է այդ սպիտակ գագաթը և քաղաքը, որի կրակները քանի հեռանում, այնքան խառնվում են իրար և ստացվում է կրակների ծփացող ծով։ Սակայն այդ անանուն մարդը խորշում է, կրակների ծովից և հայացքը դարձնում է դեպի լեռան գագաթը։ Ապա նայում է Աստաֆյանի ուղիղ սլաքին և փակում է աչքերը։

Ի՞նչ էր նրա ցնորքը, ի՞նչ կդարձներ նա այս փողոցը։

Նա կփակեր փողոցի բոլոր մուտքերը կավե պատերով, կթողներ միայն մի դռնակ, որով մտներ միայն սայլը։ Նա հողին կհավասարեցներ բոլոր քարաշեն տները և նրանց փոխարեն կկառուցեր կավե խրճիթներ, նրանց կտուրին չարդախ, որպեսզի լուսնկա գիշերներին բնակիչները բարձրանային վերև և լուսնյակը շողք գցեր փայտե օրորոցների վրա։ Նա կկտրատեր բոլոր լարերը և բնակիչներին կհրամայեր, որ ձմեռը ձեթ վառեն, մնացած ժամանակ ելնեն արևի հետ և պառկեն մթնով։ Ելնեն արևի հետ և աշխատեն իրենց պարտեզներում, այգիներում, ցանեն սոխ ու սխտոր, ոսկեհատ ցորեն և հնձաններում ոտքերով ճմլեն խաղողը։ Նա կցանկանար տեսնել համեստ աղջիկներ, արծաթյա մախչայով, գլխանոցներով, երկար-երկար ծամերով, որոնց ծայրերին լինեին ուլունքներ։ Աղջիկները սափորներով գինի բերեին հնձաններից, մարեն մառանից հաներ սպիտակ լավաշ, և՛ յուղ, և՛ պանիր, ինքը նստեր կտուրի վրա, ներքևը ջրեր խոխոջային, վերևը երկնքի խոր կապույտը։ Եվ ցոլք տար Բարձր լեռը։ Հավիտյան այդպես մնար այս փողոցը, բերդի պես դրսից անջատված խոր խրամատներով, կապույտ ծուխը բարձրանար վերև և ծխի միջից ինքը նայեր Արարատին ու հիանար։ Թող ամբողջ աշխարհում թագավորեր երկաթը, և միայն այստեղ