Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/239

Այս էջը հաստատված է

իշխեր կավը, քարը, փայտը... Դրսից չհասներ ոչ մի հնչյուն, ոչ մի օտար աղմուկ և ոչինչ չվրդովեր նրա հանգիստը։

Անեղծ մնար պրովինցիան...

Այդ էր նրա ցնորքը։ Հետո նա լսում էր այն ձայները, որ բերում էր քամին լեռներից։ Նա զգում էր քամու բույրերը և որոշում, որ լեռան վրա արդեն բացվել է մանուշակը, որ բադերը բարձրացել են գետերի հոսանքով մինչև լեռնային մարգագետինները, որ հասկերը լցվում են կաթնագույն հեղուկով, ահա գալիս է տաք շեղջի բույրը, ուրեմն ցորեն են ծեծում և կարմրել է խնձորը։

Նստում էր այդ անանուն մարդը բարձրության վրա և մտածում էր մի անէական աշխարհի մասին։ Նրա աչքի առաջ բացվում էր բլուրների, լեռների և դաշտերի մի ընդարձակ տարածություն, մի ամբողջ երկիր։ Սպիտակ և բարձրահասակ եզները ահա քաշում են արորը, պարարտ սևահողը ծալվում է իրար վրա, երգում է մշակը պարզ երգեր, հետո աղջիկները հաց են բերում, մշակ և սերմնացան նստում են սև հողերի վրա, աղջիկները ժողովում են դաղձ, եզներն արածում են կանաչ արոտներում։ Մայր է մտնում արևը, հոգնած մշակները և եզները տուն են վերադառնում, օջախներից բարձրանում է ծուխը և լսվում է շների ուրախ աղմուկը։

Նրա անիրական աշխարհում միայն այդ կար՝ գյուղեր՝ խաղաղության մեջ, ծառեր՝ երգերի համար, ջրեր՝ որ ոռոգում են արտերը և պարտեզները, շներ՝ որոնք հաչում են լուսնի վրա, մարեներ՝ հաց թխելու համար և գզրարներ, որոնք ձմեռը նստեին օդաներում, գզեին բուրդ և մինչև լույս հեքիաթներ պատմեին։

Ամեն գիշեր այդ անանուն մարդը լինում էր այդ երկրում։ Ահա գնում է ջրելու պարտեզը։ Ձյուն է նստել, և ձյունի վրա նա տեսնում է գազանների հետքեր։ Անձրև է իջել և տաք գոլորշի է բարձրանում ձիերի մեջքից, որոնք սեղմվել են իրար և ննջում են։ Խշշում է անտառը. մինչև լույս նրա խորքում վառվում է հովիվների խարույկը։

Երբեմն նրանք, որոնք կես գիշերից ուշ անցել են այդ փողոցով, լսել են տխուր երգի և նվագի ձայն։ Ոմանք ենթադրել են, որ այն կույր երաժիշտն է փչում իր սրինգը, ոմանք վերագրել են մենավոր սայլապանին, որ քշել է սայլը դեպի գյուղական ճանապարհը և սայլի հետ օրորալով երգել իր միամիտ երգը, ոմանց նույնիսկ թվացել է, որ այդ խուլ ձայնը գալիս է աստղերից,−սակայն ստույգ է, որ երգողը այն վտիտ մարդն էր, որ ուներ մաշված հնաձև վերարկու և նիհար մարմին։