Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/24

Այս էջը հաստատված է

Կնուտ Համսունը, ինչպես նրա վաղ շրջանի ստեղծագործությունը մեկնաբանում են արևմտաեվրոպական գրականության պատմաբանները, սարսափով և հարցականներով էր նայում «Նոր Դարին» և բնությունը հակադրելով կապիտալիստական արշավանքին, «բնական կյանքի» ազատությունը՝ «քաղաքակրթության» ավերածություններին, հանդես էր գալիս «նոր ռուսսոյականության» պատգամներով։

Դիմելով ֆրանսիական մեծ փիլիսոփայի գաղափարական զինարանին, Համսունը ևս այն մտքին էր, որ արարիչը (բնությունը) ամեն ինչ ստեղծում է կատարյալ տեսքով, իսկ Նոր Դարի քաղաքակրթությունը աղավաղում է գոյության կատարյալ ձևերը, մարդուն դարձնում է դիմազրկված ուրվական։

Դարի այս էական հակասության լուծման բանալին Համսունը համարում էր վերադարձը դեպի բնության պարզությունը, դեպի «դիցաբանական սագաների» շրջանին բնորոշ անտառային հովվերգությունը։

Ռուսսոյականության համսունյան տարբերակի կրողն է «Պանը» վիպակի լեյտենանտ Գլանը՝ նորվեգական ծովաժայռերի, անտառների, մարգագետինների մեջ ապաստանած միայնակ ու թափառաշրջիկ հերոսը, որը հեռացել է դեպի «կանաչ աշխարհը»՝ այնտեղ մարմնավորելու իդեալական կյանքի իր անուրջները։ Բնության անդորր, խաղաղ անկյունների հետ լեյտենանտ Գլանի առնչությունները երերուն, փխրուն առնչություններ են՝ ավելի զգացմունքային, քան բնական։ Դրանք նաև կյանքից հեռացած փախստական անհատապաշտի առնչություններ են։

Բակունցի աշխարհազգացողությանը միանգամայն խորթ է մարդու կրավորական կեցվածքը բնության առաջ։ Նրա պատմվածքների հերոսները ծնրադրում են բնության առաջ, իրենց էությամբ ձուլվում բնության ձևերի մեջ, բնությունից քաղում իրենց բնավորության ամբողջականության տարրերը՝ կարոտ, երազանք, բարություն, մարդասիրություն։ Իր դավանանքով Բակունցը բնության և մարդու միասնության փիլիսոփան ու բարոյախոսն է, ասել է թե՝ նա մարդուն դիտում է ոչ թե իբրև բնությունից անջատ կենսաբանական արարածի, այլ բնությանը ձուլված, բնության հավերժության շունչը իր մեջ կրող անհատականություն։

Սա, իհարկե, ոչ միայն նոր հայացք չէր «մարդ-բնություն» իրադրության մեջ, այլև շատ հին, մինչև մարդկության անտիկյան հասակը խորացող դավանանք էր՝ բնափիլիսոփայություն, որը 19-րդ դարավերջին և 20-րդ դարում բորբոքվեց նոր թափով՝ իբրև հասարակական որոշակի հոգեբանության, ավելի ստույգ՝ ընդվզող հոգեբանության արտահայտման ձև։