Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/240

Այս էջը հաստատված է


Ինչպես լաց, ինչպես մորմոք ու կարոտ հնչում էր նրա խեղճության երգը և նա գոհ էր, որ իրեն լսում են լեռներից իջնող քամին, ջրերը, բարդիները, այն ձյունոտ գագաթը, որ սահմանն էր նրա անիրական աշխարհի։ Այդ վտիտ մարդը իջնում էր փողոցի վրա և հիացած փողոցի խաղաղությամբ, ջրերի ձայնով ու ծառերի սոսափով, քայլում էր դանդաղ և չէր տեսնում անցնողներին։ Նա հասնում էր մինչև այն երեք բարդին և ապա կորչում էր նեղ փողոցների լաբիրինթում, կարծես մտնում էր գետնի տակ, ինչպես մի ոգի կամ մի սև բզեզ։

5

Այն բանակը, որ առավոտյան կանուխ աշխատանքի էր գնում և դժգոհում էր հեռավորությունից,− մի օր շրջվեց դեպի այս փողոցը։ Սկսվեց այն, ինչ անջնջելի կմնա մեր քաղաքի պատմության մեջ։ Բահերով և բրիչներով զինված մի բազմություն գրոհի դիմեց։ Փորեցին գտինը և արևի տակ շողաց այն հողը, որ երբեք արևի երես չէր տեսել։ Հող լցվեց մայթերի վրա, առաջացան խրամատներ և գուբեր, խճաքարերի կույտեր, որոնք վերջ տվին այս փողոցի սիրահարների հոգևոր երթթին։ Փողոցը դարձավ եռացող աշխատանքի կաթսա և նրանք, որոնց ուրախացնում էր այդ դժվար աշխատանքը, ապրում էին գործի հաջողությամբ, պայքարում էին հաղթանակի համար։ Քաղաքից դուրս արդեն հաստատ քայլերով, մետր առ մետր, քաղաքին և նրա փողոցներին էին մոտենում պողպատյա գծերը։ Հողաթումբերը և խրամատները ուղենիշեր էին, և որքան բարձրանում էին նրանք, մինչև վեր, մինչև քաղաքի վերջը, այնքան լեռնանում էր ուրախությունը։

Եկավ և այն օրը, երբ առաջին վագոնը սուրաց այս փողոցով... Խնդություն էր և ազատության աղաղակներ։ Կարծես զրահագնացք էր, որ քաղաքի բնակիչներին բերում էր փրկություն բազմադարյա ստրկությունից։

Փողոցն ուրիշ դարձավ։ Թեքվեց պրովինցիայի դեղնած արևը։ Բացվեց մի վիհ և այդ վիհը կլանեց այն միակը և անկրկնելին, որ հայտնի էր որպես Երևան քաղաքի Աստաֆյան փողոց։

Մի գիշեր այն անանուն մարդը, որ վերջին սիրահարն էր այս փողոցի, դուրս եկավ նեղ փողոցների լաբիրինթից, որտեղ ամեն մի տան մեջ, ամեն մի ներքնահարկում խոսում էին այդ վիթխարի հաղթանակի մասին։ Դուրս եկավ մարդը, նայեց իր երեք բարդիներին։ Նրանք կանգուն էին և երբ սլացավ լույսերով ողողված վագոնը, նա բնազդաբար