Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/243

Այս էջը հաստատված է

մոտեցնում եմ ոստայնին և հողի մթին խորքից դուրս է վազում քաղցած գազանը՝ բրդոտ մի սարդ և ամեհի արագությամբ պտույտ է անում ոսկեգույն թելերի վրա, անհամբեր փնտրելով որսը։

Ծղնոտների արանքում մի սև բզեզ գլորում է աղբի կլոր գունդը։ Ահա նա, աղբակեր սկարաբեյը, այն բզեզը, որին եգիպտացիք անվանում էին սրբազան, որովհետև հավատում էին, թե նա է գլորում երկրագունդը, ինչպես այս կլոր աղբը։ Մի րոպե նա սևին է տալիս ծղնոտների մեջ, ապա աղբագունդի հետ գլորվում հողի ճեղքը։

Ես մատներով տրորում եմ կավը, ամենահին նյութը, որ կա այս տափարակում։ Քանի՜ ոտքեր, քանի՜ սմբակներ և անիվներ անցել են այս կավի վրայով, ինչքա՜ն է ծեծել ձյունը, և՛ հողմը, և՛ արևը, և՛ անձրևը։

Անմռունչ, հավիտյան համր կավ․․․

Ահա հեռվում երևում են այգիների գորշ պարիսպները և տների պատերը՝ կառուցված նույն հին կավից։ Արևը խանձել է, քամին և անձրևը պոկել են պարիսպների կատարները, մի տեղ փոս արել, մի ուրիշ տեղ թողել սրածայր։

Նստել են կավե հին պատերն այս ընդարձակ դաշտում, ինչպես չոքած ուղտեր։ Նրանցից մեկը ցցել է վիզը, մյուսի միայն սապատն է երևում, երրորդը չոքել է առաջի ոտքերի վրա, կարծես հիմա պիտի իջեցնի և հետին ոտքերը։

Գնա մինչև հին Բաբելոն, էլամների աշխարհը, մինչև Աղի լիճը և Միջագետքի խանձված դաշտերը, ամեն տեղ կտեսնես այս բիբլիական կավը, մահարձանի պես մի չինար և սրբազան բզեզներ։

Իսկ այս դաշտում ինչքան արագ են մահանում պարիսպները, երկաթե անիվները տրորում են բրդոտ սարդերին և արգավանդ կավը ուռճանում է նոր սերմերով։

− Վե՛ր կաց, Ավագ, զովն ընկավ...

* * *

Նրան անվանում էին Սեթ և որովհետև հայրը վաղուց էր մեռել, կոչում էին մոր՝ Երանուհու անունով՝ Երանի տղա Սեթ և կամ՝ Երանի Սեթ։

Կարճ էր հասակը, թե բարձր, թավ էր ձայնը, թե բարակ, և գիտե՞ր նա սրինգ նվագել, սիրե՞լ էր նա մի աղջկա և հենց այդ չինարու տակ մեզ նման հանգստացե՞լ էր նա, երբ վերադառնում էր Արաքսի ափերի