Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/245

Այս էջը հաստատված է

Սեթը չոքեց այն չինարու հետևը և որոտաց նրա հրացանը։ Արշավող ձիավորների վախեցած երամը շաղ եկավ, ապա նորից գունդ կազմեցին և թաց հողերի վրայով ձիերը քշեցին դեպի միայնակ ծառը, որ սև ստվերը նետել էր ամայի դաշտում։

Երեկոյան կարմիր հեծելազորը գյուղը մտավ։

Միայն մյուս առավոտ, երբ եկան և ծանր թնդանոթները, դաշտի բարակ արահետով, եղեգնյա պատգարակի վրա, ընկերները տուն բերին սպանված սերմնացանի մարմինը։ Նրա սրունքները մերկ էին, մի կողքի վրա չորացած տիղմ էր և խառնված արյուն։ Երևում էր միայն սառած աչքը, որ նայում էր անշարժ, ինչպես գորշ ամպը անհունի խորքից․․․

Նա արնաքամ սողացել էր թաց հողերի վրայով դեպի եղեգները, դեպի ջուրը, կոշտ մատներով չանգռել էր գետինը, ցեխոտել էր մատները և անզգայության մեջ ցեխոտ մատներով սեղմել էր թրատված ուսը։ Հետո երեսնիվայր թաղվել էր սառը հողում՝ որպես ոսկեհատ սերմ։

Ես նայում էի մի ցածր դռնակի, որի հետևը ո՛չ ձայն կար, ո՛չ շարժում։ Արևամուտին այնքան բարձր էին երևում բակի երկու բարդիները։

− Երան հորաքույրը ոչ տղայի դիակը տեսավ, ոչ թաղումը։ Երբ նրան հայտնում են, որ ահա բերում են, նա ճչով դուրս է վազում, բայց մինչև շեմքը չի հասնում․․․ Չորս օր մնում է ուշաթափ։ Ասում էին, որ կմեռնի...

2

Լեռնային գյուղերում այս շենքը կնմանվեր հին մարագի։ Կտուրին կլիներ կլոր անցք, և տափակ մղաններով բարձր կալից հարդի տաք շեղջերն ալիք-ալիք կմղանեին ներս։ Հետո անցքը կփակեին չոր ցախով և մի անտիրական շուն կձմեռեր հարդի վրա. մարտի վերջին շունը կցնկներ վեց ապօրինի լակոտ, որ հղիացել էր ցուրտ աշնանը, ցանկապատի տակ։

Այդպես կլիներ լեռնային գյուղերում։

Այս շենքը եղել է հարթավայրի գյուղի եկեղեցին։ Հանել են վարագույրը, սրբերի պատկերները։ Դարբինը տարել է մկրտության քարե ավազանը և այժմ կարմրած խոփերը նետում է ավազանի պղտոր ջրի մեջ։ Մնացել են քարե երեք աստիճանները, որով իջնում են գետնափոր ակումբը, երկու պղնձյա աշտանակները, որոնցից կախում են նավթի լամպեր․ մնացել է եղեգնյա կտուրը և ջահերի նման կախված եղեգները, որ ճոճվում են, երբ բացվում է դուռը։ Ակումբի եղեգնյա