Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/246

Այս էջը հաստատված է

կտուրի տակ ապրում են հին աղավնիները և երբ դուրսը բուք է լինում, նրանք ծվարում են մխից մգլած նիշերում, այնտեղ, ուր պահում էին արծաթյա անոթները։

Նոր նկարներ են զարդարում սպիտակ պատերը և հին կամարների տակ հնչում են նոր խոսքեր։ Այդ գետնահարկ շենքում աղմկում են երիտասարդ սերնդի զվարթաձայն զրույցները։

Դռան գլխին, քարի վրա, առաջին տարին քանդակեցին մի մուրճ և մի մանգաղ, ներքևը՝ անպաճույճ գրերով գրեցին «կեցցե»։ Այդ անզարդ քանդակից այժմ ցոլում է առաջին հավատացողների սրբազան պարզությունը, այն անկրկնելի հմայքը, որ ունի սկզբնական օրերի անվարժ ոճը, երբ նոր մարդը հնի թանձր խավարից թռչում է դեպի նոր արշալույս և առաջին հետքերն է դրոշմում քարերի վրա, թղթերի վրա և պայծառ խնդությամբ սկսում է իր նոր էջը։

Առաջին դրոշները դառնում են սրբություն, հերոսներն անմահանում են և գալիս են նորոգ գուսաններ՝ նրանց և այն հերոսական օրերի մեծարման երգերով։

Եվ ահա Նոյեմբերյան տոներին եղեգնյա կտուրով այդ ակումբում եղավ մի սովորական դեպք։

Վառել էին բոլոր ճրագները և կամարների տակ դեռ մութ էր։ Նույնիսկ թվում էր, թե ճրագների լույսից ավելի էր թանձրանում խավարը։ Լուսավոր էր բեմը և բեմի լույսը հազիվ էր հասնում առաջին շարքերին, որտեղ փայտյա ցածր նստարանների վրա իրար էին սեղմվել կանուխ եկած հանդիսականները։

Դռնակն անդադար բացվում էր, նոյեմբերյան քամին ներս էր փչում, օրորվում էին եղեգները և ճրագների լույսը դողում էր։ Մարդիկ, որոնք ներս էին մտնում այդ դռնակով, իջնում էին քարե երեք աստիճաններով, նրանք կորչում էին մութի մեջ, երևում էին ծխախոտի կրակներ, ինչպես գիշերային լուսավոր բզեզներ։ Հետո առաջանում էին դեպի լույսը։

Աղջիկները զարդարում էին բեմը։ Ի՞նչ կարող է լինել դաշտերում, նոյեմբերյան օրերին... Դեղնավուն փշատերև թուփեր, դեռ կանաչ մասրենու ճյուղեր և դաշտային արցանգեզներ, որոնք ծաղկում են ցրտերի հետ և միայնակ վայելում աշնան արևը։ Աղջիկները դեղնավուն փշատերև թփերից, մասրենու կանաչ ճյուղերից և աշնան դաշտի ծաղիկներից հյուսել էին մանյակներ ու պսակներ, բամբակի բացված կնգուղները հագցրել էին պսակներին և այդ ամենը նկարների կարմիր երիզների հետ հյուսած՝ կախել պատերից։