Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/248

Այս էջը հաստատված է

զրույցը, երբ առաջին վայրկյանից խոսողն իրեն է բևեռում բոլորի ուշադրությունը, երբ չկա ինքը՝ խոսողը, իսկ նրա ճշմարիտ մտքերը մուրճի նման հարվածում են և բախում խոր դռներ, երբ խոսքի մեջ կա անխորտակելի ճշմարտություն, որ հարթում է իր ճանապարհը ուրիշների սրտում և ուղեղների մեջ, երբեմն փայլում բարձր մտքերով և երբեմն զարմացնում իրերի ու մարդկանց ճշգրիտ ճանաչողությամբ։

Նա խոսում էր այնպես, կարծես պատմում էր միայն մեկին, այն սրտագին մտերմությամբ, որ ունի պատմողը լսողի հանդեպ։ Նա պատմում էր այն չարքաշ օրերի մասին, որ անդարձ անցել են, խաբեբայության, սուտի, շահագործման, հոգևոր այլասերման, ծեծի և բռնությունների այն ժամանակների, երբ սով կար, և՛ սուր, և՛ բանտ, և՛ կեղեքում։ Երբ պատմում էր այդ ժամանակներից, շատերը վերհիշում էին պատկերներ, որոնք անջնջելի դրոշմ էին դրել նրանց հիշողության մեջ։ Ով քաղց էր հիշում, ով որդուն՝ որ անվերադարձ գնաց պատերազմ, ով հիշում էր իր դառն ապրուստը, երբ բախում են ունևոր դուռը և ում մեջքի վրա խարազանի հետքերը ցավում էին, որպես հին վերք։

Հետո նա դարձավ ապստամբության օրերին, իբրև միակ ելք, իբրև հոյակապ թռիչք դեպի ազատությունը, որպես միակ ճանապարհ, որ մարդուն հանեց լուսավոր ափը։ Նա հիշատակեց ստեղծագործ աշխատանքը, երբ անապատները հագենում են ջրից և ուրախանում է մարդն իր ոռոգած դաշտերով, երբ ծուխ է բարձրանում գործարանների ծխնելույզներից և հերոսը դժվար աշխատանքով հալում ու կոփում է իր կամքը, որպես ամրակուռ պողպատ։

Նա անսպասելի վերջացրեց․․․ Բոլորովին հանգիստ, առանց ձայնը բարձրացնելու։ Մի վայրկյան լուռ մնացին, հետո բարձրացավ ծափերի աղմուկը։ Կարծես հազար-հազար աղավնիներ թպրտացին ու թափով ճախրեցին։

Հնչեց երգը, եղավ նվագ, ապա նոր ողջույններ, դարձյալ զվարթ երգ, դուրս եկավ այն երիտասարդ բանվորը և խոսեց հախուռն ավյունով։ Նա թվեց նվերները և այդ վայրկյանին ծանրությամբ իջավ նոր վարագույրը, որ բերել էին նրանք գյուղական ակումբի համար։

Զարմանքի ալիքը գնաց մինչև վերջին շարքերը։

Վարագույրի վրա, ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի սերմնացան, փայտե կոտը պարանոցից կախ, մինչև սրունքները բաց ոտքերով։ Լույսի տակ շողում էին այն ոսկեգույն հատիկները, որ աջ ձեռքով նա շաղ էր տայիս արգավանդ ցելերի վրա։

− Երանի Սեթն է․․․