Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/251

Այս էջը հաստատված է
ԱՆՁՐԵՎԸ



ՀՅՈՒՄԲԱԹԻ ՁՈՐԸ

Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։

Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի։

Մի քիչ ներքև, տձև ժայռերի տակ Հյումբաթն է, բլրակի վրա՝ Միջին մահլան, արևկող երեսին՝ Գյունեյ թաղը։ Մութն ընկնելուց ինչքա՜ն մռայլ են թվում վերի ժայռերը, ինչպես հսկումի կանգնած առասպելական հրեշներ։ Հին քարանձավներից, ուր առաջ մարդն է ապրել, մթնով ելնում է գայլը, դունչը գյուղի կողմը դարձնում և երկա՜ր ոռնում։

Անհիշելի ժամանակներից մարդիկ ապրում են Հյումբաթի ձորում։ Նույն քարանձավում այժմ էլ ապրում է մի սերունդ, որի հին պապերն այդ քարանձավում իրենց մերկությունը ծածկում էին գազանի մորթով, մարդիկ, որոնց բրածո բազուկների հաստ ոսկորները այժմ երանության ու նախանձի ժպիտ են հարուցում մանրացած սերնդի աչքերում։