Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/252

Այս էջը հաստատված է

Հին անտառից ոչինչ չի մնացել, ավանդությունից բացի։ Այնտեղ, ուր այժմ մի զույգ լղար եզ ծանր կամն է քաշում, կամի վրա նստած ծերունին շոգ օրին միտն է բերում պապի պատմածը կալատեղի և այն օրերի մասին, երբ Գյունեյի լանջերին խիտ անտառ էր, ձորում շամբուտներ, որտեղ վարազ էին որսում մելիքները։

Այժմ լերկ են լանջերը, արևը խանձել է ժայռերի մամուռը, անտառի հետ անհետացել են ծառերի ստվերում բսնող խոտերը, կուրացել են աղբյուրները, որոնց երակներն անտառի խոնավությունն էին ծծում և ջուրը ցայտում քարի ճեղքերից։

Հյումբաթի ձորում ոչ կռիվ է եղել և ոչ կոտորած։ Տարիների հետ պառավել է գյուղը, ուժասպառ եղել տարիքն առած ծերունու պես։ Դրա համար էլ այնքան շատ են ավերակները, դուռը հողով ծածկած գոմեր, որոնց մսուրում քանի տասնյակ տարի ոչ մի հորթ դարման չի կրծել։

Ահա երբեմնի փողոցը... Ամեն գարնան վերից իջնող հեղեղը մի քիչ խորացրել է հունը, տարիների ընթացքում դարձրել խորխորատ։ Կամարակապ աղբյուրի մի պատը փլվել է, քարե խողովակից իզուր է ջուր ծլլում, որովհետև ոչ մի մարդ չի կռանում խողովակից ջուր խմելու։ Հեղեղը փորել է տան հիմքերը, կրապատը կախվել է խորխորատի վրա։ Մի տարի, երկու-երեք ձյունաշատ ձմեռ, գարնան արագ հալոցք, վարար հեղեղի մի զարկ, և կփլվի խարխուլ պատը։

Աղբյուրի կողքին հին ձիթհանքն է։ Մելիքներն են շինել և ստիպել, որ շրջակա գյուղերից կտավաա հավաքեն ձեթ քաշելու։ Ձիթհանքի թանձր պատերն են մնացել և կլոր քարը, որ դարձրել են գոմեշները, գիշեր-ցերեկ պտույտ տվել, քարի տակ տրորել բոված կտավատը։

Հիմա էլ ժայռի գլխին մնում են մելիք Բախտամի ամարաթի բարձր պատերը, նրա բանտը, մելիքի ախոռները, մուտքը սրբատաշ քարերից և գեղեցիկ քանդակներով։ Կա մատուռի պես մի շենք, ծաղկանկար քանդակներով, հատակը սալքար, դիմացի պատին ժանգոտ երկաթի օղ։ Մատուռի պես այդ շենքում մելիք Բախտամի ձին կերել է ռամիկի մատներով մեկ-մեկ ընտրած ոսկեհատ գարի և Իրանից քարվանով բերած քիշմիշ։

Հյումբաթի ձորով գետ է անցնում, որի մյուս ափին՝ այգեստանների մեջ, գունավոր կտուրներով փոքրիկ քաղաքի տներ են։ Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում ոչ կռիվ է եղել և ոչ կոտորած։ Այն ժամանակ, երբ քաղաքի տեղը շամբուտ էր և անտառ, ձորի բոլոր տներից ծուխ էր բարձրանում։ Եվ երբ առաջին մովրովը