Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/255

Այս էջը հաստատված է

ներսից ձայն չի լսվում, տան առաջ՝ դարբասի քարերի ճեղքում բուսել է խոտը։

Մի քանի կտուրների վրա դդում կար շարած, տեղ-տեղ արևի տակ փռել էին գունավոր լաթեր։ Մի հին ու մեծ տան միակ պատուհանի քարին, արևի տակ պոմիդոր էին շարել։ Եվ միակ ապացույցը, որ կարող էր համոզել, թե այդ տանն ապրողներ կան, պատուհանի կիսակարմիր պոմիդորն էր։

Թեև քաղաքը հեռու չէր, եկած ճանապարհը մեզ ծանոթ, բայց և այնպես ուրիշ աշխարհ թվաց Հյումբաթի ձորի այդ անկյունը, որի բնիկները կարծես ուրիշ ցեղի մարդիկ էին։ Եվ միակ հարցը, որ դառնում էր մեր գլխի մեջ, մի «ինչու» է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում այս քարերի տակ, ինչո՞ւ չեն հեռացել մի ուրիշ, հարմար տեղ։ Հանկարծ եթե ժայռերից մեկն ընկնի կամ մի քար գլորվի վերևից։

Բակում խաղացող երեխաները մեզ տեսան, զարմացած խաղը թողին։ Երբ մեզնից մեկը ջուր ուզեց, ջուր բերող երեխայի անունը հարցրեց, թվաց թե նա ջուր չէր ուզում, այլ ստուգում էր, թե արդյոք այդ երեխան մեզ նմա՞ն է խոսում։

− Որ տան կտուրին դդում եք տեսնում, ուրեմն էնտեղ ապրում են,− ասաց բնիկներից մեկը, որ կամրջի գլխին միացել էր մեզ։− Երեկոյան էլ կրակներով կիմանաք։ Քանի ճրագ են վառում, էնքան էլ տուն կա։ Մնացածը արջաբներ են։

Երեկոն հաստատեց այդ։ Մութի հետ հատ ու կենտ ճրագներ վառվեցին։ Մութը չասեց մեզ արջաբներում կենողների մասին, բայց մանրիկ լույսերի թարթոցը կամացուկ պատմում էր, որ Հյումբաթի ձորում քսան ճրագ կա, Միջին մահլայի գետափի մասն է ողջ, Գյունեյ թաղի ծայրը։ Մնացածն ավերակ տներ են ու մութի մեջ խառնվում են ժառերին և չի լինում որոշել՝ ո՞րն է ժայռ և որը երբեմնի բնակավայր։

−−−−−−−−−−−−−

Մեկ-մեկ հավաքվում էին հեռու թաղերից, ներս մտնում ընդարձակ սրահը, տեղ բռնում փայտե նստարանների վրա։ Երբ գզիրը մի անգամ էլ պտույտ արեց փողոցներում բարձր կանչով, շներն այս ու այն կողմից ձայն տվին ու հանդարտեցին, գզիրի հետ մի քանի հոգի եկան հեռու քարանձավներից։ Սրահի կիսամութում փափախները մակաղած ոչխարի պես էին, չիբուխների կրակները՝ խոտերի մեջ լույս տվող բզեզներ։

Խոսքը հողի մասին էր, հարմար մի տեղ նոր գյուղ հիմնելու մասին։