Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/256

Այս էջը հաստատված է

Երևի շատ հնում, երբ վաչկատուն ցեղերը երկրե-երկիր էին գաղթում, նոր աշխարհներ գրավում, այդ աշխարհի մասին հազար առասպել բերնե-բերան էր անցնում և ոգևորում անցնելու դժվար կիրճեր, սար ու ձոր, անջուր ավազուտներ։

Նոր գյուղի խնդիրը Հյումբաթի ձորի համար երջանիկ աշխարհի առասպելի պես էր, նրանք իրենց հանդերի անուններն էին տալիս, մեկի ջուրը գովում, մյուսի խոտը։

− Մենակ էս ձորից դուրս գանք...

Փափախների տակ պսպղում էին աչքերը, որպես չիբուխի կրակներ, երբ մեկը ծանոթ բանտի նկարագիրն էր անում և ուրվագծում վաղվա գյուղը, լայն ճանապարհը և ճանապարհի նման ազատ կյանքը։

Երբ ուշ գիշերին ծխից մթնած սրահում նախագահը քվեարկության դրեց նոր գյուղատեղը փոխադրվելու հարցը, ճրագի թույլ լույսի տակ բարձր մեկնած ձեռքերի հետև մի պահ չերևացին փափախները, թվաց թե հսկա մի մարմին բյուր ձեռքեր է պարզել դեպի սևացած օճորքը։

Ճրագը թարթում էր լույսի հետ և տաքություն տալիս։ Ճրագի հետ վաղվա հույսը ջերմություն էր սփռել սրահում։ Եվ ուրախ աղմուկով դուրս եկան։ Այսպես էր սկսում իր չուն վաչկատուն ցեղը անցած դարերում։


Սանդուղքի գլխին Գյունեյ թաղից մի ալևոր մոտեցավ մեզ։

− Մի ոտս գերեզմանումն է, ես կարող է չտեսնեմ էն նոր տեղը, բայց տարեք... Գնացե՛ք Հյումրաթի ձորի դժոխքից։

Սանդուղքի գլխից մի պահ նայեցի, թե ինչպես մահակով քարերը շոշափելով ծերունին կորավ մութի մեջ։ Լսելի էր, թե ինչպես նա մահակի ծայրով զարկում էր քարերին, ճանապարհը փնտրում։

Կրակները չէին երևում։ Մութի մեջ հազիվ էին նշմարվում գյուղի գլխի ժայռերը, մելիքների ամարաթի պատերը։ Ժայռերը թանձր ստվեր էին կախել գյուղի վրա, ամարաթը թվում էր որպես կանգուն դղյակ, որի խավար խուցերում գուցե շրջում է մելիք Բախտամը, որպես ուրվական...

1926

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ

Տնտեսությանը պլանով վարելու համար, ձմռան մի գիշեր Վասիլը մտքում դրեց օրագրի պես մի բան պահել, նշանակել եզան վարն ու կերը, ինչքա՞ն հաց են ուտում ամեն ամիս, քանի՞ խուրձ խոտ է հարկավոր