Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/260

Այս էջը հաստատված է

իբրև թե նրա ոտքին մեծ լինելու պատճառով։ Այդ առթիվ շատ մակերեսային դատողություն է արել Վասիլը, մոտավորապես այն ձևով, թե աշխարհը փուչ է, լավությունն էլ է կորչում, վատությունն էլ։

Չենթադրե՞լ արդյոք, որ ընդհարում է եղել Վարսենիկի և Տիգրանուհու միջև չուստերի համար, մեկը լաց է եղել, նորից բոբիկ ոտքերով («առի ծամոն վերքի համար») արտը գնացել «պարտքի դիմաց», մյուսը չուստերը պահել է հայրական տնից բերած սնդուկի մեջ։ Ինչպե՞ս հասկանալ Վասիլի գրածն այն մասին, թե «Տիգրանուհին խռովեց, զոռով բերեցինք կալատեղից»։

Սեպտեմբերին ծնում է Վասիլի երկրորդ կովը։ Այդ օրը նա ուրիշ բան չի արձանագրել։ Սեպտեմբեր ամսվա նշանավոր դեպքերից է և խոտի հաշիվը։ Անցյալ տարի ցանած առվույտը երկու անգամ հարելուց հետո Վասիլը շատ մանրամասն ելք ու մուտքի հաշիվ է կազմել։ Եվ մուտքը գերազանցել է («մաքուր եկամուտ խոտի կողմանից»)։

Մի շաբաթ հետո ստացած գարու մասին գրելիս, հանկարծ մի՞տն է ընկել Տիգրանուհին, թե գարու հաշիվն անելիս տանը վայնասուն է ընկել, ձեռքը դողացել է, ծածկել է երազահանը, վեր կացել։ Ինչպե՞ս է եղել, այդ ամենևին հայտնի չէ։ Գրված է միայն հետևյալը.

«Տիգրանուհին մահացավ առանցի կարծիքի, տեղոց տեղ, լավ թաղեցինք. եղավ ծախս ութը մանեթ փողով, ևս մի փութ գարի տերտերին, գումարով 9 մանեթ 70 կոպեկ։ Նաև առի երկու մոմ»։

Տիգրանուհու մասին էլ ուրիշ ոչինչ։ Տասնվեց տարի ապրեց, աշխատեց, մահացավ նույնպես հանկարծ, ինչպես այն նորածինը, որի մասին հուլիսի վերջին հայրը գրել է՝ «Գիշերս մահացավ նորածինն առանց անունը դնելու»։

Օրագրում Տիգրանուհու մավան առթիվ ուրիշ մանրամասնություն չկա։ Վասիլը երազահանի այդ երեսն էլ շրջել է նույն բութ մատով, որի կնիքը կա երազահանի շատ երեսների վրա։

Հաջորդ երեսը, որ գրվել է երկու օր հետո, սկսվում է այսպես.

− Պարտքից մնաց տասնչորս...

1925

ՄՈՒՐՈՅԻ «ԶՐՈՒՅՑԸ»

Երկրորդ օրն էր՝ Մաղդայում էինք։ Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը։ Ներքև փռված էր Արազդայանի տափարակից մինչև Անի կայարանը