Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/262

Այս էջը հաստատված է

ընկերս ու ափսոսանքով ավելացրեց,− շվին չեմ տեսնում, թե ունեցել էր՝ փչել կտայինք...

Հովիվը մոտեցավ.

− Բարի տեսանք,− ասաց և գամփռին սաստեց: Շունը նստեց:

− Անունդ ի՞նչ է,− հարցրեց ընկերս։

− Մուրո՛։

− Մուրո, բա շվի չունե՞ս։

− Փո՞ղ։− Եվ ծպպացրեց։

Նրա մի ոտը կարճ էր։ Կանգնելուց մատերի ծայրը հազիվ էր գետնին դիպչում։ Դեմքը ծաղկատար էր, ձախ աչքի տակը՝ ճոթռած։ Նրա զգեստը, գդակը, դեմքը, ձեռքերը համարյա հողագույն էին, արևից խանձված, քամուց ծեծված։ Սակայն մի քաղցրություն կար նրա միամիտ, մի քիչ կոշտ դեմքին։

Մուրոն նստեց։

− Մուրո, կարդալ գիտե՞ս։− Նա ծիծաղեց։

− Ուստի՞ց։

Ընկերս սկսեց հարցուփորձը։ Մուրոն գյուղի հովիվն էր։ Գյուղում մի «քոլիկ» ունի, որի դուռը դեռ չի կախել։ Քնում է ոչխարատիրոջ տանը՝ հերթով։ Ոչ ոք չունի։ Սասունում էլ որբ է եղել։

Հանկարծ ընկերս հարցրեց նրան.

− Մուրո, դու Լենինի անունը լսած կա՞ս...

− Հբա իմա՞լ,− մի քիչ սրտնեղեց նա։− Ես Լենինի զրուց լե գիտեմ․․․

− Ի՞նչ զրույց, մի ասա լսենք,− խնդրեց ընկերս։ Մուրոն ամաչելով մեզանից «ծգարա» խնդրեց ու սկսեց.

− Լենին ուռուս էր։ Յուր հեր լե չքավոր էր, պապ լե. գնաց կարդալու, էս յան, էն յան, մի հուսումարան ռաստ եկավ, ասավ՝ չքավոր եմ, ինձի կառնե՞ք, կուզեմ կարդացվոր էղնիմ։ Առան, մի քանի վախտ կարդաց, որ ուսում թամմեց, խելքի էկավ։

«Որ խելքի էկավ, իմացավ, թե աշխարքի վնաս ուստից կեղնի։ Մտածեց, մտածեց, տեսավ, որ վնաս ուռուսի թագավորից կեղնի։ Թոփ արեց իրենց հուսումարանի տղոց, թե՝ ընկերներ՝ էնքան որ կարդացվոր եք, իմա՞լ կեղնի, որ չքավոր դառը դատի, հարուստ ուտի, ինքը մնա չլուտ, սոված, ռութ, մի կարկատած լեֆ լե չունի, որ մեջ պառկի։

«Ընկերներ ասին․ էղեր, չէղեր է, էդպես էղեր է, էդպես լե մացել է։ Լենին ասավ. աշխարհն էդպես չի մնա, էսօր ամպ է, էգուց պարզ արև։ Մինչի մենք ընկերություն չանենք զիրար, թագավոր լե մզի կմորթե, հարուստ լե մզի կճնշե, հող լե մզի չօգնի։ Մկրատ իրեն է, կտոր լե