Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/264

Այս էջը հաստատված է

Ուժեղ կպան զիրտը, շատ արյուն թափին։ Լենինի թուր ճեղքեց թագավորի գլուխ, երկու կես արավ, թագավորին տապալեց, էնոր տուն ու քուլֆաթ զարկեց, ջարդեց, լավ հողեր, լավ դուքըններ, ինչ որ թագավորն ուներ, զմմեն ոսկի, հարստություն բաժանեց չքավորներով, ասավ՝ գնացեք ձեր քեֆին ապրեք... Չքավոր բանվորներ ռահաթցան, Լենին հավաքեց իր ընկերներ, ժողովք նստան, որոշում գրին, որ էլ կռիվ չէղնի։ Էլավ մի բարձր քար, ասավ.

− Ժողովուրդ, խաղաղ ապրեք․․․ Էլ մզի կռիվ չկա...

«Եղավ խորհրդային իշխանություն․․․»։

Մուրոն լռեց ու գլուխը ոչխարների կողմը դարձնելով, հոտի առաջնորդ այծի վրա կանչեց այնպես, որ հատուկ է լեռան հովիվներին և որի հնչյունը ոչ մի կերպ չի կարելի տառերով գրել։ Տեսնելով, որ կանչն անհետևանք անցավ, Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը։

Մարմնի մյուս պակասություններից բացի, Մուրոն նաև ձախլիկ էր։ Սակայն այդ չխանգարեց նրան քարը հասցնելու ճիշտ այն կետին, որ հարկավոր էր՝ այծը ետ տալու համար։ Եվ ոչխարներն էլ այծի հետևից գլուխները դարձրին դեպի արևմուտք։

− Մուրո, իսկ ի՞նչ պատահեց Լենինին հետո,− անհամբեր հարցրի ես։

− Զրուց չխսլավ դհա, կեցի․․․− և շարունակեց.

«Թագավորին որ զարկեց, հարուստ չխլսավ։ Որ փախավ, որ լե ահուց մահացավ։ Մնաց մի հարուստ մարդ։ Զոր նստեց միտք արավ, գիշեր չուրի լուս միտք արավ, թե հնարքով Լենին ջնջի հողի երեսից։ Վերջը հնարք գտավ։ Կանչեց մի աղջիկ, ասավ՝ աղջիկ, ոսկի կուզե՞ս, ասավ՝ կուզեմ։ Աղջիկ էլավ գնաց Լենինի դռան մոտ կեցավ։ Պահապաններ ելան հարցրին՝ աղջիկ, դու վի՞ր ես. ասավ՝ չլուտի աղջիկ եմ, Լենին իկա խնդիր ունեմ։ Լենին իլավ դուս, ֆայտոն նստավ։ Ֆայտոն նստեր էր, չէր նստեր, աղջիկ էղարկ. Լենին ասավ՝ դրան մի սպանեք, իմացեք, թե ո՞վ ճամփեց։ Իմացան, որ էն հարուստ ճամփեց, հարոսով փոր-փսոր լե տրորին, եղավ հավսար։

«Մի քանի վախտ անց Լենին հիվնդցավ։ Օր հիվնդցավ, կանչեց իր ընկերներ, իր կնիկ, իր զորք, ասավ՝ ընկերներ, ես կմեռնեմ, իմ խրատներ, իմ խոսք կմնա աշխարհի երես։

«Լենին մեռավ... Յոթ օր, յոթ գիշեր սուգ արին, տարան մի բարձր տեղ թաղին, որ արևուց մոտ էղնի...»։

Մուրոն տեղից վեր կացավ, պայուսակն ուսը նետեց։

− Համլա զրուց (այսպիսի զրույց),− ասաց և խոնարհ գլուխ տալով