Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/265

Այս էջը հաստատված է

հեռացավ, փայտը քարեքար դիպցնելով։ Քայլելուց նա ցնքվում էր, կարծես ամեն քայլափոխին պիտի ընկներ, եթե մահակը քարին դեմ չտար։

− Տղա լաո, իդա կուտ (ցորեն) վի՞ր է,− առուների մոտից կանչեց մեկը։

Մուրոն հավաքում էր ոչխարը։ Լսելի էր նրա մեղմ սուլոցն ու ձայնը,− «հոլե՜, հոլե՜... քը՜սս, քը՜սս...»։ Քիչ հետո ոչխարի գլուխը թեքեց դեպի գյուղը։

− Հը, ո՞նց էր․․․− հարցրի ընկերոջս։

− Երբեք չէի սպասի...

Մենք նստեցինք, մինչև իրիկվա նրբին լազուրը հալվեց մութի մեջ, թանձրացավ խավարը, և դաշտն ու դիմացի լեռնաշղթան սուզվեցին մթնում։ Արաքսի արծաթ գոտին նիրհող թռչունի նման պահվեց եղեգնուտների մեջ։

Եվ ինչքան թանձրանում էր մութը, այնքան վառ էին փայլփլում էլեկտրական լույսերի շղթաները։ Ահա Երևանը, Սարդարաբադի կայարանը, Վաղարշապատը, Այղրի ջրհանը։

Կարծես մութ օվկիանի վրա լողում էին հրավառ նավեր...

1932

ԱՆՁՐԵՎԸ

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ Հետո ջրերի վրա, նուրբ արահետների վրա ծանրանում է ցուրտ մառախուղը և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը։

Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ...

Արդեն տերևաթափ են թզենիները։ Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ թաց դեղին և կարմիր տերևներով, տանձիները, որոնց շուրջը չոր խաղալի վրա գիշերում է մի գազան։ Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը, և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահարը կտուցով թմբկահարում է կեղևը։ Անտառում մառախուղ է։ Կաթում է