Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/266

Այս էջը հաստատված է

խոնավությունը մամուռների վրա, ծառերի վրա և քարափների լանջին։ Մի խանգարված մատուռի առաջ դեռ մխում է չոբան Սաքոյի կրակը։ Ես զգում եմ ոչխարների՝ անձրևից տաքացած բրդի հոտը։ Հետո իրար եմ հավաքում կրակը և մոխիրների տակ կարդում գերեզմանաքարի երկաթագիրը՝ «Երեմիա սուրբ ծերունի»... Խշշում են քարափի ուռիները։ Բարձրերում բուք կա, և լեռնային բադերը մառախուղի միջով իջնում են դեպի տաք ձորերը։

Ահա քարանձավը... Նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։ Քամուց ծխում է որսկանի սպիտակ միրուքը, նրա ոտքերի վրա բուսել է մամուռը։ Կարմիր մասուրներ կան մատների վրա։ Նա նայում է ինչպես եղջերուն, չգիտես խեղճ աղերսով, թե՞ անբարբառ աղոթքով։ Գուցե խարույկ է եղել նրա մոտ։ Վառել է չիբուխը խարույկի կրակ և գիշերվա ահից կուչ եկած թուխ մանուկներին պատմել քարանձավներում քրքջացով այսերի և մարդագող ալքերի հեքիաթը, երկա՜ր, ինչպես լեռնային երկրի ահավոր ձմեռը։

Գվվում է ձորն անհայտ աղմուկից, դողում է գետինը, դողում են ծառերը և տարափով տեղում աշնան անձրևի ծանր կաթիլները։

Գվվում է քարանձավը և լսում եմ մի ձայն, որ արձագանքի պեւ հնչում է մութ փչակից.

․․․Էս ձորերում
Էս է՝ չորս քսան տարիս լրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքս լիացավ։

Խշշում են մասրիները, որ բուսել են քարափի լանջին, որոնց խառնվել են այն տեսիլք ծերունու մեռած մազերը։ Հետո աղմկում է ամբողջ անտառը, քամին է շառաչում և հողմահալած մառախուղը կորչում է փչակներում, մթին քարանձավներում։ Կաղնիների բաց դեղին սաղարթի միջից աշնան արևը լուսավորում է փափուկ արահետները։

Խաղաղ խնդությամբ իջնում եմ գետափը։

Վերևում՝ քարանձավների առաջ, մնացին այն ծերունիները, որոնք ապրեցին «ամեն մեռնողին երանի տալով», ոտքերի առաջ մի մեռած եղջերու...