Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/268

Այս էջը հաստատված է

զվարթ աղմուկը, ապա նոր ճանապարհներով կդառնա տուն և իր թուխ մանուկներին կպատմի, որպես մի առասպել, այն ժամանակները, երբ քար ու քարափների վրայով, մեջքը կքած, մեջքին ծանր բեռ, բարձրանում էր լոոեցին իր գյուղը՝ խավարի ու աղքատության մագիլներում։ Այն ժամանակները, երբ «մի տան լիքը մանուկներ» ահով էին լսում և բուքի ոոնոցը և պարտքատիրոջ ոտնաձայնը... Ապա կանցնի նորոգ օրերի պատմությանը, երբ Լոռու ձորում մի խեղճ Չատի սպանեց թավադին և «զակոնը» նրան քշեց Սիբիր։ Կավանդի և հերոսական նոյեմբերը, որպես նոր պատմության սկիզբ, կպատմի և նրանց մասին, որոնք այս ամայի ձորում բարձրացրին լույսի առաջին ամրոցը...

...Դուրսը մաղում էր բարակ անձրև ջրերի վրա, արահետների վրա և դեղնակարմիր անտառի վրա...

Այն կապուտաչյա լոռեցին մերթ նայում էր պղնձե սլաքներին և մերթ արահետին, որով մի օր իջավ քարափի գլխին ծվարած տներից և այստեղ, այս նոր ամրոցի կառուցման հետ, նրա ներսն ամրացավ մի նոր հավատ, նոր բարբառ․․․

* * *

Ես նայում եմ նրան ու հիշում իմ երկրի հին պատմությունը։

Քարերն ու մագաղաթներն ավանդում են նրա քաղաքների կործանումը և սուր, և գաղթ։

Ինչպես մի եղեգն՝ նա խոնարհել է գլուխը հողմերի առաջ և խաղաղության ժամին նորից հառնել։ Նա սարսափահար փախել է իր գյուղերից, ինչպես նախիրը՝ հրդեհվող անտառից, ապա տուն է շինել քարափների վրա, և անձրևախառն քամին ծեծել է նրա հողաշեն խրճիթը։

Մեր երկրի ժայռերի վրա հաղթողները սնապարծ ոճով փորագրել են ավարառության և կողոպուտի պատմություններ, իսկ խավար խուցերում պատմագիրը հորինել է նույնքան սնամեջ առասպելներ հին փառքի մասին։

Ռամիկն անմռունչ պառկել է խանի, թավադի և սպիտակ ցարի մտրակի տակ, երբեմն ըմբոստացել, որպեսզի մյուս օրն ապավինի իր տխուր երգերին և նորից քաշի հին լուծը։ Նա հերկել է ուրիշների հողը, սերմել է արյուն քրտինք, իսկ առյուծի բաժին առել են ռեսը, վանքը և ռուբլու արքան։

Նրա գորշ հյուղերի վրա երկինքը մաղել է տրտմության անձրևը։

Ես նայում եմ այս նորոգ մարդու աչքերին և կարդում նոր պատմությունը։