Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/271

Այս էջը հաստատված է

փաթաթեց ծխախոտը և ապա, այն էլ կես հեգնանքով, ասաց գոմի պահակին․

− Հարա հորի՞ ժողովքին կըսեիր ընցեր է քեռի Դավոյի ժամանակ,− թեթև զարկեց նրա մեջքին,− սովորի, տղաս, սովորի․․․

Ապա մոտեցավ մի ծանր ձիու, որն ահագին աղմուկով կրճտացնում էր ատամները, կարծես գարու հատիկները փշրվում էին ջրաղացի քարերի տակ, և շոյեց ձիու բաշը։

− Քրտնած է ձին, տղա,− և ասաց նաև, որ գոմն արդեն նեղ է, հարկավոր է ձիերի նոր գոմ կառուցել։

− Քեռի Դավո, դու ա՞յս բրիգադի մեջ ես։

− Չէ, ես դաշտավար եմ։

− Հապա ինչո՞ւ եկար գոմը։

− Չէ՞ էս էլ մերն է,− և ձեռքը մեկնեց ձիերի ու եզների կողմը,− բոլորը իմ է։

Քեռի Դավոն գնաց։

Գոմի պահակը, որն իսկույն թողեց բարբառը, պատմեց այն ճանապարհի մասին, որով նրանք ընթացել են, սկզբում՝ չորս տարի առաջ՝ միայն տասներկու տուն, որոնք ունեին միայն մի եզ և որոնց ծաղրելով անվանում էին «չլուտի խումբ»։ Ահա այս գոմը և նրա բակը հռչակված իջևան էր Շաբուրից և Օրդուբադից եկող քարավանների համար։ Այժմ այդ ծածկերի տակ հանգչում են մեքենաները և մի ամբողջ գումակ։ Նրանք էին տասներկու տուն և ունեին միայն մի եզ․ առաջին հիմնադիրները մեջտեղ դրին ինչ որ ունեին՝ վերջին պարկ գարին և նույնիսկ փշուր ձավարը փոխեցին գարու հետ և համայնական առաջին դաշտում սերմնացանը լի բուռով շաղեց սերմը։ Հետո երեսունից անցան և այս ձմեռ նրանք արդեն հարյուր վեց են, և հիմնադիրները պարծանքով նայում են ետ՝ չորս մեծ տարիներին։

Պահակը պատմում էր այդ տարիների մասին, և այդ թվում էր մի պարզ պատմություն։ Լեռ չի փլվել, չի եղել ամեհի պատերազմ, հրաշք չի եղել, և միայն քրտինք են թափել հողի մշակները և նրանք, որոնք ունեին միայն մի եզ, այժմ իրենց վաստակով տեր են դարձել երամակի և նախիրի, սայլաշարքի և մեքենաների, ունեն ցորեն և գարի, կանայք կով են կթում, իսկ նաղարաչի Չոլոն նրանց զվարճացնում է և թնդում է «գյոնդը»։ Այդ թվում էր մի պարզ պատմություն և դժվար է հաղորդել այն ներքին ուրախությունը, որով համակված էր այդ երիտասարդը, ինչպես այն մարդը, որ խեղճության, հոգու այլասերման և ծայր չքավորության անդունդի ափից անդարձ անցել է մի ուրիշ ափ և ուրախությունից