Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/272

Այս էջը հաստատված է

կոխում է այն հոդը, որ իրենն էր, բայց իրեն չէր կերակրում, տեսնում է նույնպիսի մի ձմեռ, երր լեռները ձյունոտ են, ահա դարձյալ Արազի ափից բարձրանում է տաք գոլորշի, բայց իր դռանն այլևս չի չոքել սովի ահը և նրա վաղը չի երևում որպես անօգնական կրակ մթագնած բուքի մեջ, այլ բացվում է որպես նորոգ գարնան առավոտ։

Խրճիթում հավաքվածների խորհրդակցությունն ավելի նման էր պարզ զրույցի, բայց այդ հասարակ խոսքերը որոշում էին հարյուրավոր մարդկանց անելիքն ամբողջ տարվա ընթացքում։ Որոշում էին այս տարվա նորմաները և միաժամանակ ուրվագծում էին կոլեկտիվի ողջ արտադրության պլանը։ Նստել էին՝ ով ինչպես ուզում էր, և միայն նրանք էին սեղանի մոտ, որոնք գրում էին։ Նույնիսկ մեկը խրճիթում գնում գալիս էր և երբեմն բարձրացնում էր գլուխը− այդ ժամանակ նա հայտնում էր իր դիտողությունը, և նրան ևս լսում էին այնպես, ինչպես մյուսներին, որոնցից ոմանք նստել էին պատի տակ, ոմանք՝ վառարանի շուրջը, իսկ մի քանիսը հաստ արկղի վրա, որ անհայտ է, թե ինչու էր այդտեղ: Ամենքից գեղանկար տեղավորվել էր մի թիկնեղ մարդ։ Նա չոքել էր և միևնույն ժամանակ համարյա պառկել մեջքի վրա, այնպես, որ նրա գլուխը ցցված ծնկների հետ հավասար էր։

Եվ ներկաները, որոնք կոլխոզի ակտիվն էին, նրա առաջատար ուժը, բոլորը՝ համարյա առանց բացառության խոսում էին խելացի ծանրությամբ։ Ննջող չկար, ինչպես գյուղական այն ժողովներում, երբ զեկուցողի միալար ձայնից կախվում էին ունկնդիրների հոգնած գլուխները, և արդեն մի անկյունից լսվում է մրափի աղմուկ, կարծես այն կողմից գնում էր մի մենավոր սայլ և սայլը խուլ ճռնչում էր։ Պատասխանատվության զգացումի հետ, նրանց խոսքերի մեջ կար մի խստություն, և երրբ լռում էին՝ այդ լռությունն ևս վկայում էր, որ մարդիկ կշռում և կշռադատում են։ Եվ նույնիսկ «Կես կռիվ» Մխոն այլևս երկար չէր աղմկում, այլ բավականանում էր ընդհատ բացականչություններով, որ թեպետ որոտաձայն էին, բայց և այնպես խելացի էին։ Իսկ քեռի Դավոն արդեն գրավել էր իր տեղը և լայն դանակով տաշում էր մի սեպ, տաշում էր և մտածում։

Հեշտ չի այն աշխատանքը, որի համար նրանք ուղեղ էին մաշում։ Ձյունի բարակ շերտի տակ լուռ քնել են այն դաշտերը, որտեղ վաղը նրանք պիտի քրտինք թափեն։ Իսկ հարկավոր է ավելի լավ կազմակերպել համայնական դաշտերի վարը, հարկավոր է բարձր բերք ստանալ։ Հարյուրավոր հեկտար դաշտերի վրա աշխատելու են տարբեր մարդիկ, և ահա պետք է այդ մարդկանց դասավորել այնպես, որ ստացվի առավել